Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին


      Նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա
Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի եւ Արցախի հերոս,
Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին է՝ ամբողջապես հիմնված
իրական փաստերի վրա։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի
կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարգսյանն
է։ Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող
և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։


Մինչ ֆիլմի պրեմիերան, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ֆիլմի ստեղծագործական
թիմը պատմեց մանրամասներ։ Ֆիլմը բարդ ճանապարհ է անցել, բայց դարձել իրականություն
․ այս մասին ասաց Նոնո Սարգսյանը։


«Շատերը վախենում են այս թեմայի մասին խոսել։ Մեծ երջանկություն է մեզ համար, որ չնայած
բարդություններին, նկարահանվել է ֆիլմը։ Ցույց ենք տվել Մոնթեի մարդ տեսակը։ Ե՛վ «Վազգեն»,
և՛ «Մոնթե», և՛ առաջիկայում նկարահանվող ֆիլմերի պարագայում զերծ ենք մնալու քաղաքականությունից։
Դա ինձ համար օրենք է։ Ինչպես իմ հորեղբայր Վազգեն Սարգսյանն էր ասում՝ քաղաքականությունն
անբարոյականություն է։ Քաղաքական հոսանքները գալիս ու գնում են, իսկ արժեքները պետք
չէ խառնել այդ ամենին։ Ինքս չեմ գնում եւ չեմ ցանկանում ֆիլմերն այդ դաշտ տանել։ «Մոնթե»
ֆիլմով նորովի կճանաչեք հերոսին, կան պատմություններ, որոնք ոչ ոք չգիտի, իսկ մեր աղբյուրը
նրա կինն է՝ տիկին Սեդան, որը պատմել է այդ ամենը։ Մեր ֆիլմի հիմքում միայն իրական
դեպքերն են»,-նշեց Սարգսյանը։


Նրա խոսքով՝ այս ֆիլմի ստեղծման գաղափարը դեռեւս առաջացել է «Վազգեն. Վերջին Սպարապետը»
ֆիլմի նկարահանումների ընթացքում, քանզի պայքարող հայի մասին խոսել պետք է նաեւ մշակույթի
լեզվով։ «Մոնթե» ֆիլմը ստեղծելը բավականին բարդ է եղել, բայց երբ նրան հարցնում են,
թե ինչի համար է ստեղծում հերոսների մասին ֆիլմեր, պատասխանում է՝ իր երեխայի համար։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, որը «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի երկրորդ
ռեժիսորն է եղել։ Նոնո Սարգսյանը նրան տաղանդավոր է համարում և կարծում է՝ նրա կատարած
աշխատանքն անգնահատելի է․
«Չափազանց բծախնդիր եւ ուշադիր է»։


   Ռեժիսորը շտապեց շեշտել, որ ֆիլմի հիմքում
ոչ մի լեգենդ չկա կերպարի մասին
․


«Աղբյուրները տարբեր են՝ նամակներ, գրություններ, Մոնթեի ինքնաքննադատական նյութեր
և այլն, սակայն տիկին Սեդան մեզ համար Մոնթե Մելքոնյանի կյանքի և գործունեության հիմնական
ինֆորմացիոն աղբյուրն էր, նա մեր թեւ եւ թիկունքն էր։ Նոնոյի շնորհիվ մեր և նրա միջև
ստեղծագործական հետաքրքիր փոխհարաբերություններ ձևավորվեցին։ Նա շատ բծախնդիր մարդ
է՝ տառին, բառին, հնչողությանը շատ մեծ ուշադրություն է դարձնում»,-պատմեց ռեժիսորն
ու հավելեց՝ միասին են ստեղծագործել։

 

 
Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային,
մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թոփալյանը,
Դավիթ Թադեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Մանե Մխոյանը, Գուրգեն Սարգսյանը եւ այլք։ Խորեն
Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին մարմնավորում է Վազգեն Սարգսյանին։


Ստեղծագործական թիմը պատմեց, որ ֆիլմում կարմիր գծով գնում է Մոնթեի բնավորության հիմնական
գծերը, որոնցից է ազնվությունը, որի հիման վրա էլ ընտրվել են դերակատարները։
Գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանը կարծում է՝ Genetic Production-ը մշակույթի միջոցով
վերականգնում է ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքները։


«Հիշում եմ ինչպես գնացի քասթինգի, ինձանից լավ ֆիլմի գծային պրոդյուսեր Նարեկ Սողոյանն
է այս պատմությունը հիշում։ Թատրոնում ներկայացումից հետո զինվորական հանգուստ գտա
և հենց այդ հագուստով գնացի քասթինգի։ Հայ մարդու, հայ դերասանի համար նման դերակատարումը
և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ բախտ։ Դերասանի կյանքում կա՛մ մեկ անգամ է նման բան
լինում, կա՛մ չի լինում։ Դերին ծանոթացել եմ ռեժիսորի ուղղորդումներով, հոլովակներով,
որտեղ Մոնթեի ձայնը կա, քննարկումներով, ուսումնասիրել եմ այն ամենն, ինչ կա նրա մասին
ու մասնակցությամբ և ոչ միայն համացանցում։ Մեր խոսքը ճիշտ ստանալու հարցում մեզ օգնել
է Զառա Ներսիսյանը»,-ասաց դերասանը։


Հռիփսիմե Նահապետյանը քասթինգին գնացել է ծննդյան նախորդ օրը։ Պատմում է՝ ներքին համոզմունք
ու մեծ ցանկություն է ունեցել դերը ստանալու։ Դերասանուհու համար Մոնթե Մելքոնյանն
արդար հայ է, հայրենասեր մարդ, որի պակասն այսօր զգացվում է։
«Փորձում ես ինքդ քո մեջ գտնել այդ հայրենասիրությունն ու այդպես ապրել»,-ասաց դերասանուհին
և խոստովանեց՝ մինչ օրս ինքն իրեն հարցնում է՝ կկարողանա՞ր հերոսի այդքան արժանապատիվ
կին լինել։


Բեմադրող օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, կոմպոզիտորը Մարտին Միրզոյանն է, նկարիչներ՝
Մաքսիմ Հակոբյան և Տիգրան Սարգսյան։ Ֆիլմի գծային պրոդյուսերն է Նարեկ Սողոյանը, պաստառի
հեղինակը՝ Արվին Քոչարյանը։ Տնօրեն՝ Արման Մելքոնյան, քասթինգի տնօրեն՝ Տաթև Կետիկյան,
հագուստի նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, գրիմի նկարիչ՝ Դիանա Աղաջանյան, մոնտաժի ռեժիսոր՝
Արմեն Բաղինյան, հնչյունային ռեժիսոր՝ Հարություն Մանգասարյան։ Ֆիլմի մեդիա պատասխանատու՝
Արմինե Բրսոյան։

Leave a comment