Իմ առնչությունը մեղսագրվող հանցանքի հետ որևէ աղերս չունի. Խաչիկ Գալստյան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանի գործով հերթական դատական նիստը, որին ձերբակալել էին Վաղարշապատում ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու մեղադրանքով։

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Մելինե Կիրակոսյանը։ Մեղադրանքի կողմը, ի թիվս այլնի, մասնավորապես հետաքրքրվեց, թե ընտրությունների շրջանում նա ինչ չափի աշխատավարձ է ստացել որպես հանձնաժողովի անդամ և ինչ սկզբունքով։

Պաշտպանության կողմը՝ ի դեմս Ռուբեն Մելիքյանի, նույնպես հարցեր ուղղեց վկային՝ վստահված անձանց և դիտորդների վերաբերյալ։ Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ որպես ընտրող մասնակցե՞լ է ընտրություններին։ «Չէ, ես գործի եմ եղել»,- պատասխանեց վկան։ Ռուբեն Մելիքյանի հարցին՝ իսկ որպես ընտրող իրավունք ունե՞ր մասնակցելու ընտրություններին, վկան դրական արձագանքեց։

Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը հանդես եկավ հայտարարություններով։ Նա մասնավորապես նշեց. «Նախնական դատալսումների ընթացքում ներկայացված ապացույցների փաստական տվյալների հաստատման հայտնի ցուցակում դատախազը մասնավորապես Մելինե Կիրակոսյանի համար որպես ապացուցողական հանգամանք նշել է՝ վերջինս խոսակցություն է ունեցել Սիլվա Աղասյանի հետ, որի ընթացքում վերջինս Կիրակոսյանին կանչել է իր տուն, խոսել, և ըստ խոսակցության բնույթի՝ դա գումարը վերադարձնելու մասին է եղել…

Երբ ապացույցները ներկայացնում են կողմերը, ներկայացնում են նաև, թե այդ ապացույցներով ինչ փաստական հանգամանք է հաստատվում կամ հերքվում։ Ըստ այդ տվյալների՝ իբր Մելինե Կիրակոսյանի կողմից տրված ցուցմունքով դա է հաստատվել։ Եթե այդպիսի բան լիներ նախաքննական ցուցմունքում, վստահ եմ, որ դատախազը կմիջնորդեր, որպեսզի նախաքննական ցուցմունքը հրապարակվեր, հետևաբար հայտարարությունս կայանում է նրանում, որ դատախազի ներկայացրած փաստական հանգամանքը որևէ կերպ չհաստատվեց»։

Արսեն Բաբայանը, դիմելով դատարանին, նշեց. «Քանի նիստ է, տեսնում ենք, որ վկաները չեն գալիս… Առաջարկում եմ՝ բոլորին ծանուցենք, ով կգա, հարցաքննենք: Այդ վկաների չներկայանալու պատճառով Խաչիկ Գալստյանն արդեն 11 ամիս է՝ անազատության մեջ է»։

Մանրամասն՝ տեսանյութում.

«Այսօրվա հարցաքննությունը ցույց տվեց, որ դատակոչված վկաների ցուցմունքներում իմ առնչությունը մեղսագրվող հանցանքի հետ որևէ աղերս չունի։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, այս դատական նիստի ընթացքում, օրինակ, ներկայացնել՝ ես որ ցուցմունքի որ կետի վրա կարող էի ազդել, որի պատճառով գտնվում եմ տնային կալանքի մեջ, և դատարանն ամեն անգամ ժամկետը երկարացնում է, հանրային մեղադրողն էլ հայտնում է, որ առկա է ռիսկ, որ մեղադրյալը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա»,-ասաց Խաչիկ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Դատական նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment