Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.11.2026 | 20:00

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր և նախագահ Սոսի Թաթիկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հոդվածին, քննադատության է ենթարկել արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ նրա առաջ քաշած մոտեցումները։ Թեև փորձագետն ընդունում է եվրաինտեգրման ճանապարհին առկա մարտահրավերները, սակայն արմատապես դեմ է Գրիգորյանի արած եզրակացություններին։
«Կիսում եմ Միութենական պետությունում հայտնվելու վտանգը, եթե ՀՀ-ն անի Արմեն Գրիգորյանի առաջարկածը,- նշում է Թաթիկյանը՝ հավելելով,- Դժվար է չհամաձայնվել, որ եթե գնանք եվրաինտեգրացման ճանապարհով, ապա էներգետիկ ոլորտում գազի հետ կապված խնդիրներ կունենանք, և դժվար կլինի չմիանալ Իրանի դեմ ԵՄ-ի սանկցիաներին։ Ռիսկերի հետ համաձայն եմ, սակայն համաձայն չեմ արված եզրակացությունների հետ»։
Թաթիկյանի գնահատմամբ՝ ԱԽ քարտուղարի առաջարկած ճանապարհը ոչ թե ռիսկերի կառավարում է, այլ, ըստ էության, անձնատուր լինելու կոչ։ «Արմեն Գրիգորյանի առաջարկածն է՝ ոչ թե հիբրիդային պատերազմին դիմակայել, այլ՝ ենթարկվել այդ ահաբեկմանն ու ընդունել ՌԴ-ի պարտադրված պայմանները»,- շեշտում է փորձագետը։ Նա ընդգծում է, որ «Արմեն Գրիգորյանն առաջարկում է՝ ԵՏՄ-ի կազմում մնանք, կլինենք ոչ թե ոչ բլոկային, այլ՝ ՌԴ-ի կառավարած կառույցներում կշարունակենք գտնվել, չենք նվազեցնի ՌԴ-ից կախվածությունը, ավելի շատ կներքաշվենք»։
Ավելին, նա ահազանգում է նաև տարածաշրջանային ձևաչափերի վտանգների մասին. «Վտանգավոր է Արմեն Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, հայտնվել ավտորիտարների պլատֆորմում»։ Ըստ Թաթիկյանի՝ այս ուղիով գնալով «ՌԴ-ից կախվածությունն ավելի կխորանա՝ Արմեն Գրիգորյանի առաջարկած ուղիով գնալով, այո կա հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, բայց նաև մենք պետություն ենք, մեծացել է հիբրիդային ռիսկերին դիմակայելու մեր կարողությունը»։
Անդրադառնալով այն թեզերին, թե իբր արևմտյան վեկտորն է սրում Ռուսաստանի ագրեսիան, Թաթիկյանը հակադարձում է պատմական հիշեցմամբ. «Ճիշտ է՝ ՌԴ-ն ակտիվացրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմը, սակայն այն սկսվել է 2018-ից հետո, երբ ԵՄ-ի օրենքը չկար, բայց բախվեցինք պատերազմի»։ Նա հիշեցնում է նաև հետպատերազմյան շրջանը. «ՌԴ-ն հիբրիդային պատերազմ վարեց ՀՀ-ի դեմ 2021-ին, երբ ԵՄ-ին անդամակցելու մասին խոսք չկար, այդ ժամանակ կախվածությունը ՌԴ-ից ավելին էր, քան՝ պատերազմից առաջ»։
Փորձագետը նաև մատնանշում է Եվրամիության դերակատարությունը Հայաստանի անվտանգության գործում՝ հակադարձելով «կոշտ երաշխիքների» բացակայության մասին քննադատությանը. «Ադրբեջանի հարձակումները ՀՀ-ի դեմ դադարեցին, երբ ԵՄ-ի դիտորդները տեղակայվեցին․ կոշտ անվտանգային երաշխիքի մասին միտքը զարմացնում է»։ Նա հավելում է, որ անհիմն են նաև Եվրոպայի թուլացման մասին խոսակցությունները. «Չեմ հավատում, որ ԵՄ-ն փլուզվում է, գնալով՝ ուժեղացնում է անվտանգային կարողությունները, ՀՀ-ն արդեն օգուտ է քաղում»։
Ամփոփելով իր խոսքը՝ Սոսի Թաթիկյանը պատմական դառը զուգահեռ է անցկացնում՝ հիշեցնելով 2013 թվականի իրադարձությունները և դրանց հետևանքները. «Եթե Սերժ Սարգսյանը ՌԴ-ի կոնգնիտիվ պատերազմին չենթարկվեր, ՀՀ-ն ԵՏՄ չմտցներ, հավատում եմ՝ Արցախը չէինք կորցնի։ Անբացատրելի է՝ նույնիսկ Արցախը կորցնելուց հետո ՌԴ-ից վախենալ, մնալ կախվածության մեջ»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment