ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը

Քաղաքականություն

18.11.2026 | 20:16

Մոսկվայի Բասմանի դատարանում կայացած նիստի ընթացքում, որտեղ քննվում էր Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքը, դատախազն առաջարկել է կարճել քրեական գործը քույրերի նկատմամբ, որոնք մեղադրվում են հորը սպանելու մեջ, և նրանց գործողությունները ճանաչել անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

Դատախազը նաև հայտարարել է, որ քննիչը «կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետների վերաբերյալ դրույթները», «որևէ վերջնական որոշում չի կայացնում, գործը դատախազին չի ուղարկում, այլ պարզապես երկարաձգում է նախաքննության ժամկետը»։ Միաժամանակ, Մարիա Խաչատուրյանն ավելի քան ութ տարի գտնվում է սահմանափակումների ներքո, որոնք արգելում են նրան օգտվել հեռախոսից և համացանցից, ինչպես նաև շփվել հարազատների հետ։

Խաչատուրյան քույրերին մեղադրում են 2018 թվականի հուլիսին հորը մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ սպանելու մեջ (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետ)։ Այդ ժամանակ քույրերը 17, 18 և 19 տարեկան էին։ Այդ հոդվածով նախատեսված պատիժը մինչև 20 տարվա ազատազրկումն է։

Քննությամբ պարզվել է, որ երեք քույրերը ենթարկվել են սեռական բռնության, այդ թվում՝ հոր՝ Խաչատուրյանի կողմից։ Սակայն քննիչները հրաժարվել են աղջիկների գործողությունները որակել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն կամ ինքնապաշտպանության սահմանազանցում։ Սկզբում քննիչները հրաժարվել էին Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցել՝ նրա մահվան պատճառաբանությամբ։ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը չեղարկել է քրեական գործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշումը։

2023 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել երեք քույրերից երկուսի՝ Քրեստինայի և Անգելինայի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Նրանց մեղադրում էին հոր նախապես ծրագրված սպանության մեջ։ Երրորդ քրոջ՝ Մարիայի գործը քննվում էր առանձին, և դրա վերաբերյալ մեղադրական եզրակացությունը դեռևս պատրաստ չէր։ Դատարանը հաստատել էր, որ սպանության օրը նա անմեղսունակ վիճակում է եղել։

2025 թվականի գարնանը դատարանը առանձին գործի շրջանակում հետմահու Միխայիլ Խաչատուրյանին ճանաչել է դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղավոր։ 2026 թվականի հունվարին Քննչական կոմիտեն վերսկսել է հետաքննությունը՝ պարզելու, թե արդյոք քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment