Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին». Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»

Օրերս անդրադարձել էի այն հարցին, որ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու խորհրդանշական միջոցառումը բուռն արձագանք է գտել Բաքվում։

Այս արձագանքը հակահայկական ալիքի հերթական առիթը դարձավ։ Ադրբեջանի պատգամավորների արձագանքը Երևանի Կապույտ մզկիթի թեմային ևս մեկ անգամ բացահայտում է, թե որքան մեծ դեր է զբաղեցնում հայատյացությունը Ադրբեջանի պետական խոսույթում։

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի պատգամավոր, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի նախագահ Ազիզ Ալեքբարլին հայերի հասցեին այնպիսի հայտարարություններ է արել, որոնք դժվար է նույնիսկ սովորական հայատյաց հռետորաբանություն անվանել։ Նա հայերին վերագրել է «ի ծնե չարամտություն», հայտարարել, թե նրանց նկատմամբ «բարությունն անիմաստ է», և ասել, որ հայերը «լավ աշխատում են մտրակի ու վախի ազդեցության տակ»։ Ավելին, նա բացահայտորեն կոչ է արել հայերին «լավ ծեծել»։

Ուշադրություն դարձրեք՝ այս խոսքերը հնչում են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի շուրթերից, որը նաև Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրեր առաջ մղող, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարն է։

Կապույտ մզկիթի շուրջ ստեղծված աղմուկն էլ պատահական չէ։ Ադրբեջանի պատգամավորները հերթական անգամ փորձում են կեղծել տարածաշրջանի պատմությունը, գողանալ այլոց մշակույթն ու քաղաքակրթական արժեքները, ինչը պայմանավորված է թե՛ սեփական պատմությունից խորշելու, թե՛ տարածաշրջանային երկրների հանդեպ թշնամանք տածելու նպատակներով։

Բաքուն միջազգային հանրության համար բեմադրում է կեղծ «խաղաղություն»՝ Փաշինյանի օգնությամբ, իսկ սեփական հանրությանը շարունակում է հայերին ներկայացնել որպես ատելության և բռնության ենթակա թշնամի։ Այս հակասությունը տեսնելու համար առանձնահատուկ վերլուծական ունակություններ պետք չեն։ Բավական է կարդալ հենց ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները և հիշել մի պարզ օրինաչափություն, որի ականատեսը եղանք Արցախում․ Ալիևը վարվում է ճիշտ այնպես, ինչպես խոսում է այսպես կոչված՝ ներքին լսարանի համար։ Ատելության գեներացիան չի անհետանում։ Այն կարող է հանգեցնել թե՛ պատերազմի, թե՛ պատերազմական դաժան հանցագործությունների, թե՛ Սաֆարովների պես մարդասպանների, թե՛ ցեղասպանական գործողությունների և թե՛ էթնիկ զտման։

Խաղաղություն չի կարող կառուցվել նման քաղաքական խոսույթի, պետական քարոզչության և հասարակությանը փոխանցվող ուղերձների պայմաններում։ Այսօր Ադրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է այս քարոզչության ներքո, նրանց սովորեցնում են, թե իբր Հայաստանը իրենց «պատմական հողն» է։ Եթե մենք չենք ուզում տեսնել ու հասկանալ դրա հետևանքները նույնիսկ Արցախում տեղի ունեցածից հետո, չենք ուզում քայլեր ձեռնարկել կանխելու համար, ապա հետագա վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը թողնում ենք հաջորդ սերունդների վրա․․․»։

Leave a comment