«Հայաքվեն» միջազգային կառույցներին տեղեկագիր է ուղարկել Հ1-ի մասին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հինգ միջազգային կառույցի է ուղարկել Հանրային հեռուստաընկերության՝ ենթադրյալ քաղաքական կողմնակալության մասին տեղեկագիր։ Այս մասին ասվում է միավորման հայտարարության մեջ։

Ամփոփ տեղեկագիրը պատրաստվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների լուսաբանման մշտադիտարկման արդյունքների հիման վրա։

«Հայաքվեի» գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը եթերաժամանակն անհամաչափ է բաշխել հօգուտ իշխանության, սահմանափակել է ընդդիմադիր և այլընտրանքային քաղաքական ուժերի ներկայացվածությունը և կողմնակալ է լուսաբանել քաղաքական իրադարձությունները։

Տեղեկագիրն ուղարկվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակին, ՄԱԿ-ի՝ կարծիքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակին, Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին, Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU) և Կարգավորող մարմինների եվրոպական հարթակին (EPRA)։

Միավորումը հայտարարել է, որ նպատակ ունի հասնել, որ ենթադրյալ խախտումները քննարկվեն ոչ միայն հայաստանյան պետական մարմինների, այլև միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների կողմից։

«Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը»,- ասվում է «Հայաքվեի» հայտարարության մեջ։

«Հայաքվեն» մտադիր է շարունակել հետևողականորեն պահանջել անկախության, անաչառության և քաղաքական բազմակարծության սկզբունքների պահպանում Հանրային հեռուստաընկերության եթերում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սեպտեմբերին մատնանշել էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման թերությունները։ Դիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունն ավելի հաճախ է իշխող կուսակցությանը լուսաբանել բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ մասնավոր լրատվամիջոցներ հիմնականում քննադատել են իշխանություններին և աջակցել ընդդիմության առանձին ներկայացուցիչների։ ԵԽԽՎ-ն կոչ է արել ապահովել հանրային հեռարձակողի անաչառությունը։

Armenia Today

Leave a comment