«Դուք հերթով ձեր տեղը գտնում եք բանտախցերում»․ Փաշինյանն՝ ընդդիմությանը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառնում է ընդդիմադիր պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանին բանտարկությամբ, եթե պարզվի, որ վերջինս կոռուպցիոն շղթայի մաս է։
Հայտարարությունը հնչել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ Ղարամանյանի հարցին ի պատասխան։
Պատգամավորը բարձրացրել է Հայաստանի կողմից Ադրբեջանին արված զիջումների հարցը՝ նշելով, որ իշխանություններն այժմ զիջում են նաև Հայաստանի Սահմանադրության հարցում՝ փորձելով կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ գործող Սահմանադրությունն ընդունվել է ընտրակեղծիքների և կոռումպացված պետական համակարգի պայմաններում։
«Դուք Հայաստանը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանի Հանրապետությունը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Դուք ինչո՞ւ եք պաշտպանում այս Սահմանադրությունը. որովհետև այս Սահմանադրությունը օլիգարխիա է, այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունը արհամարհող Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն է», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրություն ունենալու օրակարգն իշխանություններն որդեգրել են ութ տարի առաջ և այժմ իրականացնում են այն։ Նա նշել է, որ հպարտ են այդ օրակարգի իրագործմամբ, քանի որ դրա շնորհիվ կարող են Հայաստանին բերել անշրջելի խաղաղություն։
«Ձեր ուզածն ի՞նչ է, որ խաղաղություն չլինի՞, որովհետև պիտի պատերազմ ըլնի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք, որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք և հիմա վայնասուն բարձրացնե՞ք։ Բայց ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության բանտախցերում», – հայտարարել է Փաշինյանը։
Ղահրամանյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ արդյոք նա սպառնում է իրեն բանտախուց ուղարկելով, որին վարչապետը դրական պատասխան է տվել։
«Եթե դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք, այո՛, ես ձեզ սպառնում եմ շատ կոնկրետ. ոչ թե սպառնում եմ, շատ շուտով բանտում կհայտնվեք, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք։ Եթե մաս չեք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, ո՞վ կարող է ձեզ սպառնալ։ Ոչ ոք ձեզ չի կարող սպառնալ», – նշել է Փաշինյանը։