Բանակի փոխարեն՝ 10 տարի ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

10 տարի ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում աշխատելուց հետո հնարավոր կլինի ազատվել բանակից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Մասնավորապես, փոփոխություններով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն՝ ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայելուց հետո։

Ինչպես հայտնել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը, նախաձեռնությամբ նախատեսվում է ոստիկանության և Փրկարար ծառայության կադրերի պատրաստման նոր համակարգ, որը միավորում է մասնագիտական կրթությունը՝ ժամկետային ծառայությունից տարկետմամբ, և հետագա ծառայության անցումը ՆԳՆ համակարգում։

Նրա խոսքով` պետական պատվերի շրջանակում ՆԳՆ ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսման ընդունված քաղաքացիները կստանան զորակոչից տարկետում ուսումնառության ողջ ընթացքում։ Ուսումն ավարտելուց և ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո տարկետում կտրամադրվի օրենքով նախատեսված անընդմեջ ծառայության ժամկետով, բայց ոչ ուշ, քան մինչև 35 տարեկանը լրանալը։

Նշված կառույցներում 10 տարի անընդմեջ ծառայած և օրենքով սահմանված պայմանները կատարած շրջանավարտները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Մկրտչյանի խոսքով՝ ՆԳՆ-ն ակնկալում է, որ նոր համակարգը թույլ կտա բարձրացնել ծառայության գրավչությունը, մեծացնել մրցակցությունը դիմորդների շրջանում և ապահովել ոստիկանության և Փրկարար ծառայության կադրերի պատրաստումը։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ առաջին փուլում նախատեսվում է հատկացնել պետական պատվերով ուսուցման 70 տեղ՝ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով։ Հետագայում տեղերի քանակը կարող է ավելացվել կառավարության որոշմամբ։

Ուսումնառության տևողությունը կկազմի մեկուկես տարի։ Ավելի վաղ հրապարակված հաշվարկների համաձայն՝ մեկ սովորողի պատրաստման համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 4,33 մլն դրամ, ներառյալ՝ 1,71 մլն դրամ սովորողին տրվող վճարների և շուրջ 2,62 մլն դրամ ուսուցման կազմակերպման և այլ ծախսերի համար։

Նախագծերի փաթեթին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հոկտեմբերի 29-ին։ Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքով սահմանված ընթացակարգերն ավարտելուց հետո։

Leave a comment