Վարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։

 

Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Գերմանիան, որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է, և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կրում է դինամիկ ու պարբերական բնույթ։

 

Յոհան Վադեֆուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու Գերմանիայի պատրաստակամությունը։ Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։ Յոհան Վադեֆուլը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձևավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ։

Leave a comment