Նոյեմբերի 2-18-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվել է Ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կազմակերպած գործընկերային ստուգումը։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի փորձագետներ։ Ստուգման նպատակն էր գնահատել ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործումը, բացահայտել գործունեության ուժեղ կողմերն ու բարելավման կարիք ունեցող ոլորտները։ Փորձագետներն ուսումնասիրել են փաստաթղթերը, դիտարկել արտադրական գործընթացները և քննարկել արձանագրված խնդիրներն ու դրանց պատճառները։
Հայկական ԱԷԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«2026 թվականի նոյեմբերի 2-ից 18-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից կազմակերպված գործընկերային ստուգումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետներ։
Փորձագիտական խումբը ղեկավարում էր ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։
Գործընկերային ստուգման հիմնական նպատակն էր գնահատել Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործունեությունը՝ անվտանգ և հուսալի շահագործման ապահովման տեսանկյունից, բացահայտել կայանի գործունեության ուժեղ կողմերը, ինչպես նաև առանձնացնել այն ոլորտները, որոնցում առկա են հետագա բարելավման հնարավորություններ։
Ստուգման ընթացքում փորձագետներն իրականացրին արտադրական գործընթացների դիտարկումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույցներ կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ստուգման արդյունքները, քննարկվեցին բացահայտված խնդիրների պատճառներն ու նպաստող գործոնները, ինչպես նաև գործունեության հետագա բարելավման հնարավորությունները։
Գործընկերային ստուգումը կարևոր նշանակություն ունի ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար»։