Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է՝ նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իրանը հրապարակել է հրթիռի նկար, որն ըստ իրանական կողմի առնվազն 5000 կմ հեռահարություն ունի։

Միաժամանակ` ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու վրա հարձակման, Իրանը աթս-ներով հարվածել է Քուվեյթում տեղակայված Ալի-աս-Սալեմ ավիաբազային։

Այս ավիաբազան ռազմավարական նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է օդային փոխադրումների գլխավոր կենտրոնը և դեպի Արևմտյան Ասիա ռազմական ուժերի փոխադրման հիմնական կենտրոններից մեկը։

Հատկապես հիմա` երբ սպասվում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, որը կարող է դառնալ նոր Յալթա-պոտսդամյան համակարգի հիմք, կարևոր է Իրանի կողմից մեսիջների ուղարկումը առ այն, որ երկիրը ինքնաբավ է, ունակ է պաշտպանվել և հարձակվել, հետևաբար արժանի է իր տեղն ունենալու նոր կառուցվող միջազգային համակարգում։

Այս առումով կարծում եմ պատահական չէ, որ Իրանը հատկապես հիմա է հայտարարում, որ ունի 5000 կմ հեռահարության սպառազինություն և կարող է 5000 կմ շառավղով խոցել ցանկացած թշնամական թիրախ։ Սա առաջին հերթին քաղաքական ուղերձ է, որը ենթադրում եմ, որ նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»։

Leave a comment