Եվրահանձնաժողովն ուշադրության կենտրոնում է Մերձավոր Արևելքը, քանի որ Կալլասի իսրայելական ալիքը մնում է սառեցված․ Politico

Իսրայելը դեռևս այս տարվա հունիսին դադարեցրել է ուղիղ շփումները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ․ գրել է Politico-ն։

Հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի խոսնակը պարզաբանել է, որ շփումները դադարեցնելու որոշումը վերաբերում է բացառապես Կալլասին։ Եվրամիության այլ պաշտոնյաների, կառույցների և անդամ պետությունների հետ երկխոսությունը շարունակվում է։

Ըստ հաղորդումների՝ Կալլասի հետ հարաբերությունների սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա կոշտ քննադատության է ենթարկել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը ստեղծված իրավիճակը որակել է որպես խնդիր։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ այլ պաշտոնյաներ, մասնավորապես՝ Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան, շարունակում են ակտիվ շփումներ ունենալ Իսրայելի հետ։ Politico-ն ընդգծել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Շուիցան առնվազն չորս անգամ հանդիպել կամ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարարի հետ։

ԵՄ ներկայացուցիչները պնդում են, որ Կալլասը դուրս չի մնացել Մերձավոր Արևելքին առնչվող գործընթացներից և շարունակում է սերտորեն համագործակցել Շուիցայի հետ։

Politico-ն նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները միտումնավոր կերպով Կալլասին չեն ընդգրկել այն բանակցային խմբում, որը զբաղվելու է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ հետագա խորհրդակցություններով։ Դրա փոխարեն ընտրվել են ԵՄ անդամ հինգ պետությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները։

Leave a comment