ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի հաշված օրերի ընթացքում՝ չհստակեցնելով փաստաթղթի հանրայնացման ժամկետը։
«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», – նշել է Ալեքսանյանը, հայտնում է «Ազատությունը»:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք իշխող քաղաքական ուժն այլընտրանքային գործողությունների ծրագիր ունի այն դեպքում, երբ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է աջակցել նախագիծը հանրաքվեի ներկայացնելու նախաձեռնությանը։
Ի պատասխան՝ Ալեքսանյանը հայտարարել է. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Հայաստանի Հանրապետության ժողովուդը էն միակ սուբյեկտն է, որը ՀՀ-ում կարող է ընդունել կամ մերժել նոր Սահմանադրությունը: Ցանկացած մեկը, ով կփորձի ժողովրդին պատկանող այդ բացառիկ իրավունքն իրենով անել, նա երկար չի դիմանա քաղաքական դաշտում»:
Նոյեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորությանը, որոշ մանրամասներ էր ներկայացրել իշխանության հնարավոր քայլերի վերաբերյալ։ Մասնավորապես, նա չի բացառել խորհրդարանի դիմաց ցույց կազմակերպելու տարբերակը՝ այդ ճանապարհով ընդդիմադիր պատգամավորներին ստիպելու կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագծին։
Փաստաթուղթը հանրաքվեի ներկայացնելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։ Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չապահոված «Քաղաքացիական պայմանագիրն» այդ որոշումը չի կարող ընդունել առանց ընդդիմադիր պատգամավորների առնվազն 6 ձայնի։ Ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը կատարվում է Ադրբեջանի պահանջով։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը կներկայացվի նոյեմբերին։
Վերջին օրերին սահմանադրական փոփոխությունների հարցով իշխանության և ընդդիմության միջև քաղաքական հակադրությունն ավելի է խորացել։ Նոր Սահմանադրությունն «ալիևյան» որակող 12 ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտնել են ուժերը միավորելու և իշխանությունների նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մտադրության մասին՝ նպատակ ունենալով խոչընդոտել փաստաթղթի ընդունմանը։