ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է Կառավարության ներկայացրած պետական բյուջեն՝ այն որակելով սպառողական, այլ ոչ թե զարգացմանն ու երկարաժամկետ տնտեսական աճին միտված։ Նրա խոսքով՝ բյուջեում շուրջ 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք կա, իսկ պետական միջոցները պետք է ուղղվեն տնտեսության զարգացմանը և արտադրական կարողությունների ընդլայնմանը, ոչ թե պարզապես սպառվեն։ Որպես օրինակ Կարապետյանը նշել է, որ գումարը կարելի է ներդնել հացի փռում՝ նոր արժեք ստեղծելու, փոխարեն այն պարզապես ծախսելու։
Անդրադառնալով ընդդիմության հետագա ծրագրերին՝ պատգամավորը նշել է, որ իրենք հանդիպում են քաղաքացիների հետ և իրազեկում նոր Սահմանադրության ու առաջիկա զարգացումների վերաբերյալ։
Կարապետյանն անդրադարձել է նաև Անկախության հռչակագրի և Սահմանադրության փոխկապակցվածությանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության հիմնական բովանդակությունը հենց Հռչակագիրն է։ Նրա խոսքով՝ այնտեղ ամրագրված են Հայաստանի անվան, ժողովրդի իշխանության, հողի ու բնական պաշարների պատկանելության, ինչպես նաև երկրի ապագայի վերաբերյալ հիմնարար դրույթներ։
Հռչակագրում տարածքային պահանջների առկայության և Արցախը Հայաստանին վերամիավորելու օրակարգի վերաբերյալ իշխանության պնդումներին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ Սահմանադրական դատարանն այդ հարցով արդեն արտահայտել է իր դիրքորոշումը։ Միաժամանակ նա շեշտել է, որ Հռչակագրի դրույթները Հայաստանի պետականության և արժեհամակարգի հիմքերից են։
ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման և հնարավոր հանրաքվեի մասին խոսելիս՝ պատգամավորը նշել է, որ ընդդիմությունը խորհրդարանի ամբիոնից բացասական դիրքորոշում կհայտնի և հնարավորության դեպքում կմերժի նախագիծը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացը վտանգում է երկրի ինքնիշխանությունն ու Սահմանադրության հիմնարար սկզբունքները։
Կարապետյանը քննադատել է նաև կառավարության ներկայացրած աշխատատեղերի աճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ թե պարզապես գրանցված աշխատատեղերի քանակը, այլ տնտեսության իրական, արտադրական և արտահանմանն ուղղված ոլորտներում արդյունավետ աշխատատեղերի ստեղծումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել աշխատատեղերի տնտեսական նշանակությունը, այլ ոչ միայն դրանց թվային աճը։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան