Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ անդրադառնալով տնտեսական աճի կանխատեսումներին, պետական ծախսերի առաջնահերթություններին, հարկային բարեփոխումներին և պետական պարտքի կառավարմանը։

Հովհաննիսյանն ասաց, որ 2021-2025 թվականներին Հայաստանում միջին տնտեսական աճը կազմել է 7.9%, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է տնտեսության բեկումնային զարգացման մասին։

«2021-2025 թվականներին մենք ունեցել ենք միջինում 7.9% տնտեսական աճ և կարող ենք ասել, որ բեկումնային այս զարգացումն իսկապես տեղի է ունեցել: 2021 թվականի համեմատ բյուջեի ծախսերը կրկնապատկվում են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի: Ի՞նչ է սա, եթե ոչ բեկումնային զարգացում»,- հայտարարեց նախարարը։

Նա նշեց, որ 2027 թվականին կանխատեսվում է 5.8% տնտեսական աճ, իսկ անվանական համախառն ներքին արդյունքը կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ։

Անդրադառնալով արտաքին տնտեսական կայունությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ ընթացիկ հաշվի պակասուրդը հիմնականում պայմանավորված է ներդրումային և կապիտալ ապրանքների ներմուծման աճով։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույն մակարդակի։

«Հայաստանը ոչ միայն ամբողջությամբ ֆինանսավորել է ընթացիկ հաշվի պակասուրդը, այլև միաժամանակ զգալիորեն ավելացրել է միջազգային պահուստները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են շուրջ 7.2 միլիարդ դոլարի՝ պատմականորեն ամենաբարձր մակարդակին և ավելի քան կրկնակի ավելի 2021 թվականի մակարդակից»,- նշեց նախարարը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև աշխատավարձերի աճին՝ նշելով, որ 2021 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմել է 204 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ 303 հազար դրամ։

«Չորս տարվա ընթացքում անվանական աճը կազմել է շուրջ 49%, իսկ գնաճով ճշգրտված իրական աճը՝ շուրջ 29%: Վարձու աշխատողների միջին թվաքանակը հասել է 795,000-ի»,- ասաց նա։

Խոսելով հարկային քաղաքականության փոփոխություններից՝ ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախատեսվում է ներդնել «Tax Bill» մեխանիզմը, որի նպատակն է հարկային օրենսդրության փոփոխությունները դարձնել առավել կանխատեսելի։

«Այն ենթադրում է հիմնական խնդիրները և հնարավոր փոփոխությունները նախօրոք հավաքագրելու, քննարկելու և բյուջետային գործընթացին զուգահեռ տարվա մեջ մեկ անգամ հարկային օրենսդրությունում փոփոխություն կատարելու գործընթաց»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Նախարարը ներկայացրեց նաև 2027 թվականի բյուջեի ծախսային առաջնահերթությունները։ Նրա խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 4 տրիլիոն 72 միլիարդ դրամի չափով։

Առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 348 միլիարդ դրամ, այդ թվում՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նպատակով։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ՝ ներառելով կենսաթոշակները, հետվճարների համակարգը և բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը։

Պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 616 միլիարդ դրամ։ Տարածքային զարգացման շրջանակում ճանապարհային ցանցին կուղղվի 140 միլիարդ դրամ, ոռոգման համակարգին՝ 16 միլիարդ դրամ, իսկ համայնքներին տրամադրվող դոտացիաները կկազմեն 121 միլիարդ դրամ։

Անդրադառնալով պետական պարտքին՝ Հովհաննիսյանն ասաց, որ կառավարության պարտքը 2027 թվականի ավարտին կանխատեսվում է շուրջ 6 տրիլիոն 447 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 47.4%-ը։ Նախարարի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին։

«2031 թվականին ծախսերի արդյունավետության շարունակական ջանքերի և աճի բարձր մակարդակի պայմաններում ակնկալում ենք պարտքը նվազեցնել 43% մակարդակի»,- նշեց նա։

Ելույթի ավարտին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ կառավարության տնտեսական քաղաքականության վերջնանպատակը մարդու բարեկեցությունն ու երկրի զարգացումն են։

«Վերջնպատակի կենտրոնում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իր ազատությամբ և ստեղծագործելու անսպառ ներուժով: …Հաստատակամ այս լավատեսությամբ առաջարկում եմ գործարկել Հայաստանի ֆինանսական հրթիռը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության բեկումնային զարգացման ընթացքը»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment