«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է 2026-2027 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածին։ Ընկերության փոխանցմամբ՝ նախատեսված նորոգման և կանխարգելիչ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Մասնավորապես՝ նորոգվել է շուրջ 37 կմ մայրուղային և 173 կմ գազաբաշխիչ ցանցի գազատար, իրականացվել է 200 գազակարգավորիչ կետի կապիտալ նորոգում կամ փոխարինում։ Ավարտվել են նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում բնական գազի անհրաժեշտ պաշարի կուտակման աշխատանքները։
«Գազպրոմ Արմենիայի» հաղորդագրությունը՝ ստորև․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2026թ․ արտադրական ծրագրերով նախատեսված պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով և հաստատված ժամանակացույցի համաձայն, հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին։
Գազափոխադրման համակարգ
Ամբողջական ծավալով ավարտված են «Ղազախ-Երևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և «Մարալիկ-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները: Իրականացվել է հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինում և հատվածների նորոգում՝ խողովակների փոխարինմամբ։ Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 37 կմ։
Իրականացվել է թվով 6 փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ «Մեղրի-Քաջարան», «Ղազախ-Երևան», «Սևան-Ջրաբեր», «Վանաձոր-Ալավերդի» և «Մարալիկ-Կարմրաշեն» մայրուղային գազատարների վրա։ Ներկայում ընթանում են նշված փականային հանգույցներում հեռակառավարման համակարգերի ներդրման աշխատանքներ։
Ավարտված են «Վանաձոր-1», «Արարատ», «Մեղրուտ», «Սարուխան» և «Այգուտ» գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգման աշխատանքները։
Աբովյանի ԳՍՊԿ-ում բնական գազի ներմղման աշխատանքներն ավարտվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։ Անհրաժեշտ ծավալով պահեստավորված գազի օպերատիվ պաշարը ձմեռային ժամանակահատվածում պիկային անհավասարությունների պայմաններումհուսալի և անխափան գազամատակարարման ապահովման հիմնական գործոններից է։
Գազաբաշխման համակարգ
Իրականացվել է գազաբաշխիչ ցանցի միջին և ցածր ճնշման գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 40 բնակավայրերում։ Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 173 կմ։
Հայաստանի ամբողջ տարածքում 2026թ․ ընթացքում իրականացվել է նաև թվով 200 ՊԳԿԿ-ների կապիտալ նորոգում (փոխարինում)։
Ըստ հաստատված ժամանակացույցերի՝ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից կատարվել է շուրջ 810 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների գործիքային ստուգում։
Ստացված տվյալների հիման վրա «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման ծառայությունն իրականացրել է ավելի քան 66 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների համալիր ախտորոշում։