Շոտլանդական Liberty Steel Dalzell պողպատաձուլական ձեռնարկության ֆինանսական խնդիրները վտանգի տակ են դրել Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի համար նախատեսված երեք մատակարարման նավերի կառուցման նպատակով պողպատի մատակարարումները։ Նավաշինության պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 1.6 մլրդ ֆունտ ստեռլինգ։
Այս մասին, հղում անելով ձեռնարկության իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է The Guardian-ը։
Մազերվել քաղաքում գտնվող Liberty Steel Dalzell գործարանը պատվեր է ստացել արտադրելու 34 հազար տոննա թիթեղային պողպատ։ Այն նախատեսված է Fleet Solid Support (FSS) դասի երեք նավերի կառուցման համար, որոնք բրիտանական ռազմածովային ուժերին կապահովեն զինամթերքով, պարենամթերքով և այլ բեռներով։
Նախագծի գլխավոր կապալառուն իսպանական պետական նավաշինական Navantia ընկերությունն է։ Պայմանագիրը նախատեսում է նաև բրիտանական ձեռնարկությունների մասնակցությունը, այդ թվում՝ Բելֆաստում գտնվող Harland & Wolff նավաշինարանի։ 216 մետր երկարությամբ առաջին նավը նախատեսվում է հանձնել 2031 թվականին։
Սակայն շոտլանդական արտադրողն արդեն շուրջ երկու տարի շրջանառու միջոցների պակաս է զգում, ինչը սահմանափակում է արտադրության ծավալները։ Պարբերականի տվյալներով՝ վերջին ամիսներին ձեռնարկությունը երկու անգամ ուշացրել է աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, այդ թվում՝ հոկտեմբերի վերջին։
Բացի այդ, հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի էներգահամակարգի օպերատոր National Energy System Operator-ը ընկերության պարտքերի պատճառով դիմել է դատարան՝ դրա հարկադիր լուծարման գործընթաց սկսելու պահանջով։ Ենթադրաբար՝ խոսքն էլեկտրաէներգիայի փոխանցման ծառայությունների դիմաց չկատարված վճարումների մասին էր։ Հետագայում պարտքը մարվել է, և ակնկալվում է, որ դիմումը հետ կկանչվի։
Ձեռնարկության ֆինանսական դժվարությունները կարող են ստիպել Navantia-ին պողպատի այլընտրանքային մատակարարներ փնտրել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։
The Guardian-ի տեղեկություններով՝ Dalzell-ը Մեծ Բրիտանիայի միակ գործարանն է, որն ունակ է արտադրել անհրաժեշտ բնութագրերով թիթեղային պողպատ։ Միևնույն ժամանակ, Navantia-ն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին նավի հիմնական մասը ստիպված կլինի կառուցել Իսպանիայում, քանի որ Բելֆաստի նավաշինարանը դեռ պատրաստ չէ նման աշխատանքներ իրականացնելու։
Վերջին շաբաթներին ձեռնարկությունն արտադրել է պողպատե արտադրանքի փոքր խմբաքանակ, որը, ենթադրաբար, պատրաստվել է Ղազախստանից մատակարարված հումքից։ Սակայն, պարբերականի տվյալներով, այդ մետաղը պիտանի չէ պաշտպանական պատվերի կատարման համար։
Community արհմիության ներկայացուցիչները կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին մշակել գործարանի պահպանման ծրագիր՝ չբացառելով նաև պետական միջամտության անհրաժեշտությունը։
Բրիտանական կառավարությունից հայտնել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին։ Իշխանությունները նաև կոչ են անում Navantia-ին հնարավորության դեպքում նախապատվությունը տալ բրիտանական մատակարարներին, այդ թվում՝ պողպատ արտադրող ընկերություններին։
Liberty Steel Dalzell-ի սեփականատեր GFG Alliance խումբը, որը պատկանում է գործարար Սանջիվ Գուպտային, ձեռնարկության խնդիրները պայմանավորում է էլեկտրաէներգիայի բարձր ծախսերով։
Ընկերությունից պնդում են, որ գործարանը վերսկսել է աշխատանքը, իսկ Navantia-ի հետ կնքված պայմանագիրը շարունակում է գործել։ Բացի այդ, պողպատե նախապատրաստվածքների բրիտանական մատակարարը հայտնել է, որ 2027 թվականի սկզբից կարող է հումք մատակարարել։