ՕՊԵԿ+-ն ավարտել է անդամ-երկրների նավթարդյունահանման առավելագույն հզորությունների գնահատումը

Փորձագետներն ավարտել են ՕՊԵԿ+ անդամ երկրների նավթարդյունահանման առավելագույն կայուն հզորությունների գնահատման գործընթացը։ Դրա արդյունքները հիմք կհանդիսանան 2027 թվականի արդյունահանման քվոտաների սահմանման համար։

«Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՕՊԵԿ+ անդամ երկրների առավելագույն կայուն արդյունահանման հզորությունների (MSC) գնահատման մեխանիզմին նվիրված եզրափակիչ նիստը», – ասվում է ՕՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

«Առաջին անգամ ՕՊԵԿ+ երկրների առավելագույն կայուն արդյունահանման հզորությունները գնահատվել և որոշվել են անկախ ու օբյեկտիվ գործընթացի շրջանակում», – ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Ղայսը:

Նրա խոսքով՝ աննախադեպ գնահատումն իրականացնելու գործում առանցքային դեր են ունեցել DeGolyer and MacNaughton և Shri Chandra Energy & Data Processing (shrichandragroup.com) ընկերությունները։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս իրադարձությունը պատմական հանգրվան է ՕՊԵԿ+ ձևաչափի համար՝ այն որակելով որպես «կարևոր քայլ դեպի ապագայում անդամ երկրների արդյունահանման բազային ցուցանիշների համակարգի թափանցիկության, հետևողականության և վստահության մակարդակի բարձրացում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՕՊԵԿ+ դաշինքը, մի քանի երկրների կողմից արդյունահանման քվոտաների մակարդակի վերաբերյալ առարկություններից հետո, որոշել է անկախ աուդիտորների միջոցով գնահատել բոլոր անդամների առավելագույն կայուն արդյունահանման հնարավորությունները։ Այդ գնահատման հիման վրա կսահմանվեն 2027 թվականի արդյունահանման քվոտաները։

Հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 29-ին կայանալիք ՕՊԵԿ+-ի լիարժեք կազմով հանդիպման ընթացքում։

Leave a comment