Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջին գործողությունների առնչությամբ

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների առնչությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության հաղորդագրության համաձայն՝ կարդինալն այս մտահոգությունները հայտնել է նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարության տաճար կատարած այցի ընթացքում, Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում։

Կարդինալ Գուջերոտին Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված վերջին գործողությունների առնչությամբ։

Կարդինալ Կուջերոտին տասնամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Տիրապետելով հայերենին՝ թե՛ գրաբարին, թե՛ աշխարհաբարին, նա տարիներ շարունակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հռոմի Քահանայապետական արևելագիտական ինստիտուտում։ Նա բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է, մասնավորապես՝ Հայ Եկեղեցու ձեռնադրության ծեսերի և Կիլիկյան շրջանի ծիսական ավանդույթների վերաբերյալ։

2024 թվականի փետրվարին կարդինալն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատել հայագիտության զարգացման գործում նրա ներդրումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment