Երեք երիտասարդ երաժիշտ արժանացել են Almazian Special Prize հատուկ մրցանակին, որը սահմանել է բելգիահայ ջութակահար և երաժշտական պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 11-ը Պեկինում անցկացված Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների երկրորդ միջազգային մրցույթի շրջանակում։
Մրցույթը կազմակերպվել է Խաչատրյանի հիմնադրամի և մշակույթի ու կրթության ոլորտում գործող չինական գործընկերների համագործակցությամբ։
Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Հատուկ մրցանակը նախատեսում է երիտասարդ կատարողների ելույթներ եվրոպական սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ 2027–2028 թվականների համերգաշրջանում։
Մրցանակակիրների թվում են մրցույթի առաջին մրցանակներին արժանացած երկու հաղթողներ՝ 16-ամյա ջութակահար Գուո Ֆեննինգը (Guo Fengning) և 17-ամյա ալտահար Չժաո Յույուն (Zhao Yuyu)։
Երկու երաժիշտներն էլ հնարավորություն կստանան հանդես գալու Համբուրգի Neue Philharmonie Hamburg նվագախմբի հետ՝ հանրահայտ Elbphilharmonie համերգասրահի բեմում։
Almazian Special Prize հատուկ մրցանակի երրորդ դափնեկիրը 12-ամյա թավջութակահար Վեյ Ցիրանն (Wei Qiran) է, որը Սերբիայում հանդես կգա Սուբոտիցայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Ազգային թատրոնի բեմում։
Մրցանակի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը երկու նվագախմբերի գլխավոր պրոդյուսերն է։ Նա նաև նախագահել է մրցույթի ալտի մասնագիտության ժյուրին։
«Երբ ես երիտասարդ երաժիշտ էի, իմ կողքին կային մարդիկ, որոնք հավատում էին ինձ և աջակցում իմ մասնագիտական զարգացմանը։ Ես դա երբեք չեմ մոռացել։ Ինչ-որ իմաստով այս մրցանակն իմ երախտագիտության պարտքը վերադարձնելու ձևն է՝ աջակցելով երաժիշտների նոր սերնդին», — նշել է Խաչատուր Ալմազյանը։
Almazian Special Prize մրցանակի առանձնահատկությունը դրա գործնական նշանակությունն է։ Երիտասարդ երաժիշտները հնարավորություն են ստանում ելույթ ունենալու եվրոպական պրոֆեսիոնալ նվագախմբերի հետ՝ հեղինակավոր համերգասրահների բեմերում, ձեռք բերելու միջազգային համերգային փորձ և իրենց արվեստը ներկայացնելու նոր հանդիսատեսի։
Խաչատուր Ալմազյանը մտադիր է մինչև հաջորդ մրցույթն ընդլայնել մրցանակի ընձեռած հնարավորությունները՝ ավելացնելով համերգային հարթակների և գործընկերների շրջանակը։ Նրա խոսքով՝ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք միջազգային նվագախմբերի և երաժշտական փառատոների հետ, որոնք կարող են միանալ նախաձեռնությանը։
Մրցույթի եզրափակիչ փուլերի ելույթներն ու Գալա համերգն անցկացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ դառնալով միջազգային մշակութային համագործակցության և երիտասարդ տաղանդների աջակցության ևս մեկ օրինակ։