Ֆրանսիացի գրող և լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայերին ու նրանց աջակիցներին կոչ է արել պահպանել ուշադրությունն Արցախի և Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայում անցկացված հանդիպմանը, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։
Հանդիպումն անցկացվել է նոյեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տարածքում։ Այն կազմակերպել էին Nouvelles d’Arménie Magazine-ն ու ՀԲԸՄ-ն։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 50 մարդ։
Բյուիսոնը ներկայացրել է իր Complètement à l’Est գիրքը, որը լույս է տեսել 2026 թվականի օգոստոսին՝ Perrin հրատարակչությունում։ Ժողովածուն ներառում է Արևելյան Եվրոպային նվիրված՝ 35 տարվա ընթացքում գրված հոդվածներ, ռեպորտաժներ, ակնարկներ և դիմանկարներ։ Գիրքը նոյեմբերի 3-ին ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է Ռենոդո մրցանակին՝ «Գրպանի գիրք» անվանակարգում։
Երեկոյի սկզբում Nouvelles d’Arménie Magazine-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը ներկայացրել է հյուրին և հիշեցրել հայկական թեմաների նկատմամբ նրա ուշադրության մասին։ Առանձին անդրադարձ է կատարվել 2020 թվականի պատերազմի ընթացքում Բյուիսոնի և նրա ընկերոջ՝ գրող Սիլվեն Տեսոնի՝ Արցախ կատարած այցին։
Բյուիսոնը պատմել է, որ գտնվել են Կոռնիձորում և հեռադիտակով կարողացել են տեսնել հակառակորդի դիրքերը։ Նրա խոսքով՝ հայերն իրենց դիմավորել են Ֆրանսիայի աջակցության ակնկալիքով, սակայն լրագրողները հասկացել են, որ չեն կարող արդարացնել այդ սպասումները։
«Սիլվենի հետ նայեցինք մեր կոշիկներին… Մի փոքր ամաչեցինք մեր երկրի համար, և դա, հավանաբար, դարձավ մեր հետագա ակտիվության շարժառիթներից մեկը»,- հիշել է գրողը։
Անդրադառնալով պատերազմի նկատմամբ ֆրանսիական հասարակության արձագանքին՝ Բյուիսոնը նշել է, որ հակամարտության առաջին օրերին տեղի ունեցողը հասարակական լայն արձագանք չի առաջացրել։ Պատճառների թվում նա նշել է ազդեցիկ տեսանյութերի ու լուսանկարների պակասը, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանության ակտիվ տեղեկատվական աշխատանքը։
Նրա գնահատմամբ՝ դեսպանությունը հեռուստաեթերում առաջ էր մղում իրադարձությունների սեփական մեկնաբանությունը։ Արդյունքում, լրագրողի կարծիքով, հայկական կողմը պարտվել է հասարակական կարծիքի համար պայքարում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսիեի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ Սենատում կառավարության անունից ելույթ ունենալով՝ նա վերահաստատել է Փարիզի դիրքորոշումը՝ ցանկացող հայերը պետք է հնարավորություն ունենան անվտանգ վերադառնալու իրենց նախկին բնակավայրեր, իսկ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն։ Խոսելով կայուն խաղաղության և հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ նախարարը շեշտել է, որ գերիների հարցի լուծումը մնում է նախապայման։
Մեկնաբանելով հայտարարությունը՝ Բյուիսոնը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը նախկինում խոչընդոտել է Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը։ Նրա կարծիքով՝ Արցախի աջակիցների հաջորդ խնդիրներից մեկը պետք է լինի ֆրանսիական և միջազգային հանրությանը ներկայացնելն Արցախի ներկայիս վիճակն ու բացատրելը, թե ինչու, իր գնահատմամբ, Բաքվին չի հաջողվում բնակեցնել այդ տարածքը։
Առանձին անդրադարձ է կատարվել Բաքվում շարունակվող՝ հայ գերիների պահմանը։ Թորանյանը նշել է, որ դժվար է քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել այդ հարցին, հատկապես պաշտոնական Երևանի՝ իր գնահատմամբ լռության պայմաններում։ Բյուիսոնը պատասխանել է, որ այդ հակասությունը կարող են հաղթահարել միայն իրենք՝ հայերը։
«Միայն հայերը կարող են լուծել այս հավասարումը։ Սա խոչընդոտում է լայն համախմբմանը, այն դարձնում է ավելի բարդ, բայց միաժամանակ՝ ավելի ազատ ու անշահախնդիր։ Միայն դուք և մենք ենք մնացել՝ վառ պահելու խղճի խայթի այս փոքրիկ կրակը»,- ասել է Բյուիսոնը։
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր Complètement à l’Est գրքին և վերջին տասնամյակներում Արևելյան Եվրոպայի երկրներում տեղի ունեցած փոփոխություններին։ Բյուիսոնը հիշողություններ է պատմել իր ուղևորությունների, հանդիպումների և Ֆրանսիայի ու Սերբիայի պատմական կապերի մասին։ Նա նաև անդրադարձել է Կաննի կինոփառատոնի ընթացքում ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հյուրընկալած երեկոյին։
Գրողի կարծիքով՝ Բեռլինի պատի անկումից հետո արևմտյան երկրները լուրջ սխալներ են թույլ տվել՝ փորձելով նախկին սոցիալիստական պետություններին արագորեն պարտադրել իրենց քաղաքական և տնտեսական մոդելը՝ առանց աստիճանական անցման պայմաններ ապահովելու։
Քննարկումից հետո Բյուիսոնը ստորագրել է ընթերցողների գրքերը, ապա մասնակիցները շարունակել են շփումը ոչ պաշտոնական միջավայրում։
Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայից հետո ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների։
Ադրբեջանում շարունակում էին պահվել 19 հայ գերի, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները։ Նրանց դատապարտել են 20-ից մինչև ցմահ ազատազրկման։