Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Հորդանան գետի արևմտյան ափին հրեական անօրինական բնակավայրերի կառուցման և Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը խոչընդոտելու․ հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Սահմանափակող միջոցները, որոնք ներառում են Միացյալ Թագավորությունում բանկային հաշիվների սառեցումը, կիրառվել են «Ami Gvirtzman Architects 2021» ճարտարապետական ընկերության, ինչպես նաև յոթ կառուցապատող ընկերությունների նկատմամբ՝ «Har Hevron Development Company», «Hemdat Shomron», «S.A.G. (Velvel) Construction and Development», «Lev HaHar Yazamut», «Harey Zahav», «Ariel Residential Judea & Samaria» և «Z.F. Building Company»: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է նաև «Ցավ 9» (Tzav 9) շարժումը, որը խոչընդոտել է Գազա մարդասիրական օգնության հասցմանը։
Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության՝ պատժամիջոցները սահմանվել են «նոր բնակավայրերի կառուցման արագացման» պատճառով։ «Իսրայելի կառավարությունը ոչ միայն չի կասեցրել այս գործընթացը, այլև ակտիվորեն աջակցել և նպաստել է դրան։ Իսրայելի գործող կառավարության պաշտոնավարման չորս տարիների ընթացքում հաստատվել է ավելի շատ բնակավայրերի կառուցում, քան նախորդ 20 տարիների ընթացքում»,- նշել է գերատեսչությունը։
Աս սահմանափակող միջոցները կիրառվել են Հորդանան գետի արևմտյան ափի E-1 տարածքում բնակելի տարածքների կառուցման մրցույթի վերջնաժամկետներին ընդառաջ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այս նախագիծը «վտանգում է կայուն խաղաղության հնարավորությունը թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների համար»։
Ըստ «Խաղաղություն հիմա» իրավապաշտպան կազմակերպության՝ 2025 թվականի օգոստոսին Իսրայելի պլանավորման վարչությունը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակա «Մաալե Ադումիմ» խոշոր բնակավայրի հարևանությամբ՝ E-1 տարածքում 3400 բնակարանային միավոր կառուցելու ծրագրերը։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել էր, որ այս գործողությունների նպատակը «պաղեստինյան պետությունը ջնջելն» է։
Քաղաքական գործիչը, ով Պաշտպանության նախարարության անունից նաև համակարգում է Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի կառուցման գործընթացը, ավելի ուշ հայտարարել է «Մաալե Ադումիմ» բնակավայրային համալիրի ընդլայնման և E-1 տարածքում նոր բնակարանների կառուցման նախագծի վերսկսման մասին։