«Բանտում 2026 թվականի նոյեմբերի 10-ին մահացել է անմեղ քաղբանտարկյալ,որը մեր գործընկեր, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արսեն Գևորգյանն է»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Նա նշեց, որ Արսեն Գևորգյանի բանտային մահվան առաջին քաղաքական պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը հաստատել է մեղադրանքը։
«Դուք մարդուն մեղադրում եք, որ ինքն իր շտաբի աշխատողին գումար է տվել, որ իրեն ընտրեն։ Չգիտես՝ լա՞ս, թե՞ ծիծաղես։ Ու դրա համար հանրային մեղադրողը միջնորդել է, որ դատարանը մարդու նկատմամբ կիրառի ամենախիստ, անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը։ Այս ամենն ուղեկցվում է մարդու բարի համբավի ու արժանապատվությանը վնաս հասցնելու փորձերով։ Առանց մեղքի՝ դուք մարդուն փորձել եք վարկաբեկել, ինչն արել եք հրճվանքով։ Ընտրակաշառք չկա, և այդ թեման միայն պետք էր ձեզ՝ քպ-ականներիդ, ձեր քարոզչության համար։ Հարյուրավոր մարդկանց եք մեղադրել։ Ո՞ւր են այդ դատավճիռները, չկան։ Խախտել եք մարդկանց անմեղության կանխավարկածը՝ չմտածելով, որ ինֆարկտի եք հասցնում մարդուն անարդարության զգացումից։ Արսեն Գևորգյանին տարել եք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Առհասարակ, երբ մարդուն տանում են Նուբարաշեն,դա արդեն իսկ խոշտանգում է»,- ասաց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ կաարվածի հաջորդ գլխավոր, քաղաքական պատասխանատուն նաև Արդարադատության նախարարությունն է։
«Տիկին Գալյան, նախարարությունը պարտավոր էր հոգալ անազատության մեջ գտնվող անձանց բոլոր կարիքները, ապահովել նրանց խնամքն ու պատշաճ վերաբերմունքը։ Այն, ինչ դուք հայտարարել եք մեր Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ, արել եք միայն ձեզ ապահովագրելու և պատասխանատվությունից դուրս մնալու համար։ Ասում եք՝ մեր Արսեն Գևորգյանը ոչնչից չի բողոքել, իսկ ո՞ւմ բողոքն եք լսում դուք, ո՞ր դատապարտյալի, ո՞ր կալանավորի։ Իրավապաշտպաններն ահազանգում են, որ դուք չեք լսում այդ բողոքները, և ավելին՝ իրավապաշտպանները նաև ահազանգում են, որ բարձիթողի վիճակ է բժշկական նաև իմաստով։Երբ մարդը առողջական գանգատ է ունենում ավանդական ասպիրին և ավանդական ճնշման չափում, սա է վիճակը»,- հավելեց Միրզոյանը՝ շարունակելով․
«Չկա այնպիսի մի վանդակ, որտեղ կկարողանաք զսպել ժողովրդին, չկա այնպիսի մի ձեռնաշղթա, որը չկարողանա կոտրտել ժողովուրդը։ Սպասեք ձեր հեռացման ժամին։ Կալանավորված Հայաստանին փոխարինելու է գալու ուժեղ Հայաստանը»։