Վարդևանյանի և դեսպան Չանգսանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Սահմանադրության բարեփոխումների սահմանափակումների հետ կապված Հնդկաստանի փորձին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացմանը։

Հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։

Պատգամավոր Արեգա Հովսեփյանն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, խոսել բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացման կարևորությունից։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական ու բարեկամական հարաբերություններ։ Թ. Արմսթրոնգ Չանգսանի խոսքով Հնդկաստանի և Հայաստանի միջև վերջին տարիներին զարգացել է, մասնավորապես, պաշտպանության ոլորտում գործակցությունը։

Ժողովրդավարության տիրույթում հիմնահարցերի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի իրավական փորձին Սահմանադրության բարեփոխումների սահմանափակումների հետ կապված, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծին։

Քննարկվել են առողջապահության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment