Երևանի ավագանին սահմանել է հանրային տարածքներում հայտնաբերված դեն նետված գույքն ու թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, պահելու և հաշվառելու կարգը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում հայտնաբերված դեն նետված գույքը և տարբեր տեսակի թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, պահելու և հաշվառելու կարգը։
Կարգը վերաբերում է նաև դեն նետված մետաղի ջարդոնին, խոտանված արտադրանքին, օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով առաջացած լցակույտերին, արտադրական և այլ թափոններին։
Եթե գույքը հատուկ տարածք տեղափոխելու մասին ոստիկանությանը տեղեկացնելուց հետո վեց ամսվա ընթացքում դրա սեփականատերը կամ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չի հայտնաբերվում կամ իր իրավունքների մասին չի հայտնում ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, ապա գույքը դառնում է համայնքի սեփականությունը։
Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ համայնքը կունենա հստակ գործիքակազմ՝ ազատելու տարիներ շարունակ առանձին քաղաքացիների կողմից զբաղեցված հանրային տարածքները և ապահովելու դրանց նպատակային օգտագործումը՝ բոլոր քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ։