Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար

Երևանի ավագանին այսօրվա նիստում 45 կողմ, 1 դեմ և 10 ձեռնպահ ձայներով սահմանեց մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և համայնքային ու պետական սեփականություն հանդիսացող այլ հանրային տարածքներում հայտնաբերված դեն նետված գույքը հատուկ տարածք տեղափոխելու, պահելու և հաշվառելու կարգը։

Այսուհետ, համայնքն իրավունք կունենա հանրային տարածքներից հատուկ տարածք տեղափոխել լքված շարժական գույքը, մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները։

Սակայն գույքը տեղափոխելուց առաջ համայնքը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել ոստիկանությանը և կազմել համապատասխան արձանագրություն։ Տեղափոխման գործընթացը պետք է նաև լուսանկարահանվի կամ տեսանկարահանվի, իսկ նյութերը կցվեն արձանագրությանը։

Հայտնաբերված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխանցվի ոստիկանությանը, ինչպես նաև պետք է հրապարակվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունք ունեցող անձը կարող է այն հետ պահանջել ոստիկանությանը տեղեկացնելու պահից վեց ամսվա ընթացքում։ Դրա համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով գույքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթեր և սահմանված ժամկետում ոստիկանությանը կամ համայնքին տեղեկացնելու ապացույցը։

Եթե վեց ամսվա ընթացքում սեփականատերը չի հայտնաբերվում կամ չի հայտնում գույքի նկատմամբ իր իրավունքների մասին, այն դառնում է համայնքի սեփականությունը։

Հատուկ տարածք տեղափոխված գույքը պետք է հաշվառվի։ Յուրաքանչյուր միավորի կտրվի անհատական համար, իսկ հատուկ տարածքի պատասխանատու անձը կկազմակերպի դրա ընդունման, պահպանման, հաշվառման և վերադարձման գործընթացը։

Գույքը սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում նախապես կտեղեկացվի ոստիկանությանը և կկազմվի հանձնման արձանագրություն։

Արփի Հակոբյան

Leave a comment