«2021 թվականին տրվել է բազմաբնակարային շենքերի և բնակելի համալիրների ռեկորդային՝ 108 շինթույլտվություն։ Եվ այսօր մենք փաստացի շահագործման ենք հանձնում այն շենքերը, որոնք այդ տարիներին են տրվել։ Դրանից հետո բազմաբնակարանների նմանատիպ շինթույլտվություն չի տրվել։ 2025 թվականին ընդհանուր տրվել է 37 շինթույլտվություն։ Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները։ ՀՀ-ում ունենք տնտեսական աճ, մարդիկ ունեն ավել հնարավորություն, գնում են ավտոմեքենա»,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն իր ելույթում, դիմելով Ավինյանին, ասել էր․ «Ես չգիտեմ՝ թե կառավարությունը ձեզանից ի՞նչ է ուզում այս վերջերս, ինչի՞ են ընկել ձեր հետևից որոշ չակերտավոր մարդիկ։ Դա, իհարկե, սարկազմով եմ ասում: Անշուշտ, խցանումների միակ պատճառը չեն նորակառույցները, միակ պատճառը չեն, բայց որոշակի պատճառ են: Կա նաև մեքենաների ներմուծման ընդհանուր աճ, այո, ընդունելի է, հանրային տրանսպորտի խնդիր, բայց անհնար է հերքել քաղաքաշինական տարրական տրամաբանությունը, երբ նույն հին ու չընդլայնվող փողոցների վրա ավելացնում ես տասնյակ հազարավոր նոր բնակարաններ՝ իրենց մեքենաներով ու կոմերցիոն տարածքներով։ Ճանապարհային ցանցը ֆիզիկապես չի կարող մարսել այդ հոսքը»։
Ի պատասխան՝ Ավինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է այն խոսակցություններին՝ ի՞նչ են ուզում ինձանից կառավարությունում, իրականում այս թեմաները բարձրաձայնվել են տարբեր հարթակներում։ Եվ, այո, բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ։ Ասեմ ավելին, ես էլ ունեմ այդ նյարդը այս թեմայի վերաբերյալ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ այդ բնական նյարդը արտահայտենք, բարձրաձայնենք, արձանագրենք, որ խնդիր ունենք, որովհետև եթե հեսա հետ գանք լուծումների քննարկումների փուլին, ես պատկերացնում եմ՝ այս դահլիճում տրամադրությունները ոնց են փոխվելու»։
Ավինյանը հավելեց․ «Մեր խնդիրը մարդատար ավտոմեքենաների քանակի աճն է, երկու՝ մեր վարելու մշակույթն է, երեք՝ մեր հանրային տրանսպորտին արտոնություն տալն է։ Եթե մենք այս հարցերում կոնսեսուս ունենանք, ես վստահեցնում եմ, որ մենք նաև կունենանք կոնսենսուս, երբ կքննարկենք փաստացի լուծումները»։
Մմանրամասները՝ տեսանյութում
Ըստ նրա՝ փաստացի լուծումները լինելու են հետևյալ ուղղություններով․ «Ամբողջապես առանձնացվող գծեր ավտոբուսների համար, հստակ և առողջապահական հիմքով սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար, այսինքն՝ ավտոմեքենաների քանակը պետք է նվազի, որպեսզի քաղաքում երթևեկությունը հնարավոր լինի։ Եվ երրորդ՝ պետք է շարունակական մեխանիզմներ գործադրվեն, որպեսզի խախտումները, որոնք էականորեն ազդում են մեր երթևեկության վրա, նվազեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: