Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.11.2026 | 15:26

Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժել է 46 մարդ։ Այս մասին հայտնում են Novinky-ն և Չեխիայի ռադիոն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, գրում է Current time-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7-ի սահմաններում՝ Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող կամրջի վրա։ Երկու գնացքներն էլ շարժվել են ցածր արագությամբ, ինչի հետևանքով, ըստ հրշեջ ծառայության, ավերիչ հետևանքներ չեն գրանցվել։ Այնուամենայնիվ, վնասվել են երկու գնացքների առջևի հատվածները։

Վիշոչանի և Լիբեն շրջանների ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը երկու ժամով դադարեցվել է։ Հաղորդվում է, որ տեղի ժամանակով 9-ից հետո կայարանի չորս հարթակների աշխատանքը վերականգնվել է։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Պրահայի հիվանդանոցներ։ Նրանցից չորսի վիճակը ծանր է, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկը վթարն անվանել է «շատ լուրջ միջադեպ»։

«Այս պահին ամենակարևորը տուժածների մասին հոգ տանելն է»,- գրել է նա X -ում։

Վթարի պատճառներն ու հանգամանքները հետաքննում է Երկաթուղային տեսչությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment