Հայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք. «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունը

Հայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք: Այս մասին հայտարարություն է տարածել «Սթորմ Ինթերնեյշնլ»-ը:

«Սթորմ Ինթերնեյշնլ» (Storm International) ընկերությունների խումբը, որն իր գործունեությունն իրականացնում է միջազգային խաղային ոլորտում՝ Shangri La (Շանգրի Լա) ապրանքանիշի ներքո, պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է լիովին անկախ եւ ինքնուրույն։

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը չունի համատեղ ձեռնարկություններ, գործընկերային հարաբերություններ կամ այլ գործարար կապեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրա հետ փոխկապակցված առևտրային կառույցների, ինչպես նաև տեղական այլ քաղաքականապես ազդեցիկ անձանց կամ խոշոր բիզնես խմբերի հետ։ Ներկայումս «Սթորմ Ինթերնեյշնլ»-ը գտնվում է Ծաղկաձորում խաղային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացում։

Ընկերությունը բարեխղճորեն կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր պահանջները և լիազորված պետական մարմինների հետ համագործակցությամբ անցնում սահմանված ընթացակարգերը։ «Սթորմ Ինթերնեյշնլ»-ը գտնում է, որ իր գործունեությունն ու նախագծերը Հայաստանում պետք է գնահատվեն բացառապես ընկերության սեփական ձեռքբերումների, գործարար համբավի, երկարամյա փորձի և օրենսդրական պահանջների պահպանման հիման վրա։

«Սթորմ Ինթերնեյշնլ»-ը միջազգային խաղային ոլորտում գործում է ավելի քան 30 տարի և զարգացնում է Shangri La ապրանքանիշի ներքո գործող խաղատների ցանցը։ Խմբի մայր ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում, իսկ նրա գործունեությունն ավելի քան տասը տարի ենթարկվում է անկախ աուդիտի։ Օրենսդրության պահպանումը, թափանցիկությունն ու պատասխանատու բիզնես գործունեությունն ընկերության հիմնարար սկզբունքներն են»,- նշված է հայտարարության մեջ։

Leave a comment