Չինաստանում արդյունաբերական ռոբոտների արտադրությունը տարվա առաջին տասը ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 26%-ով։ Այդ մասին վկայում են ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալները։
«Արդյունաբերական ռոբոտների արտադրությունն (հունվար-հոկտեմբեր ամիսներին) ավելացել է 26%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – հայտնել են գերատեսչությունից։
Բացի այդ, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին 3D տպագրության սարքավորումների արտադրությունն աճել է 85.9%-ով, իսկ լիթիում-իոնային մարտկոցներինը՝ 30%-ով։
Ռոբոտաշինության ոլորտը, հատկապես մարդանման ռոբոտների ստեղծման ուղղությունը, Չինաստանում ակտիվ զարգացում է ապրում։ 2025 թվականին Շանհայում բացվել է Չինաստանի առաջին բազան՝ մարդանման ռոբոտների վարժեցման համար։ Սեպտեմբերին Պեկինում սկսել է գործել ռոբոտների «մանկապարտեզը», որտեղ հետազոտողները ուսումնասիրում են մեքենաների ուսուցման այլընտրանքային մոտեցում։
Չինաստանը մի քանի տարի շարունակ շարունակում է մնալ արդյունաբերական ռոբոտների աշխարհի խոշորագույն շուկան։ Ռոբոտաշինության միջազգային ֆեդերացիայի (IFR) տվյալներով՝ 2024 թվականին Չինաստանի ձեռնարկություններում տեղադրվել է 295 հազար արդյունաբերական ռոբոտ՝ համաշխարհային ընդհանուր ծավալի 54%-ը։ Չինաստանի գործարաններում աշխատող նման ռոբոտների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը։
Միաժամանակ ամրապնդվում են տեղական արտադրողների դիրքերը։ Նրանց մասնաբաժինը ներքին շուկայում 2023 թվականի 47%-ից 2024 թվականին հասել է 57%-ի։ Ռոբոտաշինական տեխնոլոգիաների հիմնական սպառողներն են շարունակում մնալ էլեկտրոնիկայի և ավտոմոբիլային արդյունաբերությունները, ինչպես նաև մետաղական արտադրատեսակների և սարքավորումների արտադրության ոլորտները։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։