Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քննադատեց ընդդիմադիր գործիչների քաղաքական դիրքորոշումները՝ նրանց մեղադրելով Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման համար արտաքին ուժերին ապավինելու և երկրի դեմ տնտեսական սահմանափակումներ կիրառելու կոչեր անելու մեջ։
Եղոյանն ասաց, որ ընդդիմադիր որոշ գործիչներ խորհրդարանի ամբիոնից հայտարարում են, թե Ռուսաստանը Հայաստանին կանգնեցնելու է Վրաստանի և Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների առաջ՝ զուգահեռներ անցկացնելով Միխեիլ Սաակաշվիլու և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ այդ նույն գործիչներից ոմանք հետագայում նման խոսակցություններ են շարունակում նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
«Այստեղ ամբիոնից մարդիկ… ես չգիտեմ իրենց մտքով ոնց է էլի անցնում, հատկապես այդ նախորդ սերնդի քաղաքական գործիչները, ասում են՝ «հլը դուք սպասեք, Ռուսաստանը Հայաստանին գցելու է Վրաստանի ու Ուկրաինայի վիճակի մեջ՝ Սահակաշվիլու և Զելենսկու վիճակի մեջ»: Այստեղ ինքներդ ձեզ ոգևորում եք, հետո ոմանք գնում են, այդ խոսակցությունը Ռուսաստանի հետ են շարունակում»,- ասաց Կարապետյանը։
Պատգամավորը պնդեց, որ ընդդիմադիր որոշ գործիչներ արտաքին դերակատարներին հորդորում են Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել։
«Գնում են, ինչ են ասում, ասում են՝ «դե ձեր քայլն է, արե՛ք քայլ, այդ տնտեսական սանկցիաները…»»,- նշեց նա։
Կարապետյանի խոսքով՝ երբ նման գործողությունների համար որոշ անձինք հայտնվում են քրեական վարույթների շրջանակում, ընդդիմությունը նրանց ներկայացնում է որպես քաղաքական բանտարկյալներ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ պատգամավորը նշեց, որ սխալ է ակնկալել, թե որևէ արտաքին ուժ Հայաստանի փոխարեն կլուծի երկրի անվտանգության կամ ժողովրդավարության հետ կապված խնդիրները։
«Հարգելի՛ քաղաքացիներ, սա սխալ պատկերացում է աշխարհի մասին․ բոլոր ժողովուրդները իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Այսինքն՝ ո՛չ Արևմուտքը մեզ, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ ոչ փրկելու է մեր հարևաններից, ոչ էլ մեզ տալու է ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին հենց Հայաստանի պատասխանատվությունն են։
«Այդ երկու խնդիրն էլ մենք պիտի լուծենք, և դուք այդ աղերսանքը կամ հարկադրանքը… երբ անդադար ուղղում եք դեպի արտաքին դերակատարներ, ոչ մի բանի չի հանգեցնելու»,- ասաց պատգամավորը։
Կարապետյանը եզրափակեց ելույթը՝ ընդդիմությանը կոչ անելով արտաքին ուժերի փոխարեն կենտրոնանալ Հայաստանի ներսում առկա խնդիրների և դրանց լուծման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան