Արգենտինական «Էսեյսա» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Աբել Նունյեսը մահացել է հիվանդանոցում՝ խաղի ժամանակ գլխին գնդակի հարված ստանալուց հետո։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։
Միջադեպը տեղի է ունեցել երիտասարդական առաջնության հինգերորդ դիվիզիոնի «Էսեյսայի» և «Դեպորտիվո Մունյեսի» միջև հանդիպման ընթացքում։ 18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում գլխին գնդակի հարված է ստացել։
Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Չնայած կատարված վիրահատությանը՝ բժիշկներին չի հաջողվել փրկել ֆուտբոլիստի կյանքը։
«Էսեյսա» ակումբը ցավակցություն է հայտնել Աբել Նունյեսի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին՝ ընդգծելով, որ նա թիմի կարևոր անդամ էր և հավերժ կմնա ակումբի հիշողություններում։
Ակումբի ղեկավարությունը նաև խոստացել է համակողմանի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստի ընտանիքին։