Կարելի էր ուրախանալ, որ ՀՀ ղեկավարն այսքան ակտիվ այցելություններ է անում, եթե այդ այցելություններից գեթ մի չնչին օգուտ ստանար Հայաստանը։ Իրականում՝ հարկատուների հարկերի հաշվին աշխարհով մեկ շրջագայում է՝ 2 շաբաթում 5 երկրում է եղել՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իռլանդիայում եւ Կամբոջայում, մեկ կանգառ էլ՝ Հնդկաստանում։
ՀՀ հարկատուներն իրավունք ունեն հարցնելու՝ որքանո՞վ են արդյունավետ այդ այցերը Հայաստանի համար, ի՞նչ կոնկրետ օգուտներ են դրանք տալիս պետությանը, եւ որքա՞ն գումար է պետական բյուջեից ծախսվում վարչապետի եւ նրան ուղեկցող պատվիրակությունների արտասահմանյան ուղեւորությունների, կեցության ու այլ կազմակերպչական ծախսերի վրա։ Հանրությունը հնարավորություն ունի՞ ամբողջական պատկերացում ունենալ այդ ծախսերի եւ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Օրինակ, ինչ է անում Կամբոջայում ՀՀ վարչապետը, երբ Հայաստանը ֆրանկոֆոն երկիր չէ, եւ շատ քիչ երկրների ղեկավարներ են մեկնել Պնոմպեն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ գագաթնաժողովում ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, զեկույց է ներկայացվել նախորդ ժամանակաշրջանի հետ կապված, կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել եւ այլն: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր սիրելի թեման է կրկին ասպարեզ բերել՝ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցության գործընթացներին:
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի նոյեմբերյան վոյաժների մասին, նկատում է. «Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է: 2018 թվականին եղավ դրա գագաթնաժողովը, եւ առաջին անգամ Փաշինյանը Մակրոնի հետ ողջագուրվեց հենց այդ ժամանակ: Նիկոլ Փաշինյանն այնքան է տարբեր երկրներ այցելում, որ, կարելի է ասել, պաշտոնական այցով շուտով Հայաստան կայցելի: Նա ունի մի քանի խնդիր: Առաջին` Ռուսաստան այցերից առաջ փորձում է ցույց տալ Մոսկվային, որ ինքն ունի միջազգային հանրության աջակցությունը: Եվրոպական ընտանիքի գագաթնաժողովի ժամանակ հատուկ հայտարարությամբ ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությանն աջակցում են` ՌԴ-ի կողմից իրականացված պատժամիջոցների համատեքստում: Փաշինյանը կարծում է, որ այս ամենը կփոխի Վլադիմիր Պուտինի կարծիքը` բանակցությունների սեղանի շուրջ, սակայն՝ ոչ: Նիկոլ Փաշինյանն ունի մեկ այլ նպատակ` փող հայթայթել: Անկախ նրանից, թե այս մարդիկ ինչ են հայտարարում, անկախ այն բանից, որ հայտարարում են, թե անգամ գազի գինը 300 տոկոսով էլ կբարձրանա, միեւնույն է՝ դա մեզ վրա չի ազդելու, դա կատարյալ սուտ է: ՔՊ-ական թիմը բոլորից լավ գիտի, թե ինչ աղետալի վիճակում է Հայաստանի տնտեսությունը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: