«ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է՝ այսպես է ամրագրված Սահմանադրությամբ, բայց արդյոք այսպե՞ս է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ այդպես չէ։ ՀՀ-ում արժեքային համակարգը դեռևս գտնվում է էվոլյուցիոն փուլում։ Բայց ի՞նչն է ամենակարևորը՝ այն քաղաքական թիմը, որը պատասխանատու է ամեն ինչի համար վերջին 9 տարիներին, տվել է խոստում՝ առ այն, որ արատավոր բարքերի դեմ պետք է լինեն առաջամարտիկ։ Եթե ժողովրդից ստացել ես վստահություն, դա պետք է պատասխանատվություն ենթադրի։ 2018 թվականի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026 թվականին մենք պետք է ռեկորդային թվով քաղաքական բանտարկյալներ ունենայինք։ Եղել է նրա մասին, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չլինի։ Առերեսումը սխալի հետ պետք է տեղի ունենա, բայց տեղի չի ունենում»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը հանդես է գալիս որպես թիվ մեկ անմեղության կանխավարկածը խախտող։ Մինչդեռ, իրականությունը պետք է լիներ հակառակը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում պետք են փոփոխություններ, այդ փոփոխությունների ճանապարհին մեզ պետք է համախմբում, ատելության ու վիրավորանքի մթնոլորտի վերացում։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հասկանում եմ ձեզանից շատերի օբյեկտիվ զայրույթը, ես հասկանում եմ, որ ձեզանից շատերի, այդ թվում՝ իմ սիրտը տրաքում է որոշ հարցերի, որոշ արձագանքների, որոշ խոսույթի վերաբերյալ։ Բայց մենք իսկապես պետք է գիծ քաշենք, այս իշխանությունը սնվում է ատելությամբ, եկեք չսնենք իրենց այդ ատելությունը»,- նշեց Վարդևանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: