Aravot.am-ի խնդրանքով արձագանքելով Տիգրան Ավինյանի այն դիտարկմանը, որ պետությունը չպետք է հնարավորություն տա, որպեսզի, դիցուք, Նոր Նորքում բնակվող երեխան Մալաթիա-Սեբաստիայում դպրոց գնա, այլ երեխան պետք է քայլելով հասնի իր դպրոց, քանի որ մեկ այլ թաղամաս հասնելու պատճառով կարող են առաջանալ խցանումներ, երթևեկության խնդիրներ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց.
«Թող նախ կողմնորոշվեն՝ ի վերջո ինչ են ուզում երեխաներից և կրթության համակարգից: Սրանից մի քանի ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ընդհակառակը, պետք է երեխաներին մի քանի դպրոցներից հավաքենք մեկ դպրոցում: Բերում էր այն օրինակը, որ իր երեխաները երրորդ մասում էին ապրում, բայց սովորում էին այլ թաղամասում, և հեռավորությունն էլ հաշվում էր 6-7 կիլոմետր: Իսկ Տիգրան Ավինյանն էլ հիմա հակառակն է ասում»:
Ատոմ Մխիթարյանի խոսքով. «Այս ամենը տեխնիկական հարցեր են, և յուրաքանչյուրն իր շահերից ելնելով է դա ասում, որևէ մեկը չի մտածում կրթության մասին: Դա է պատճառը, որ կրթության որակը գնալով անկում է ապրում: Դրա համար ավելի լավ է՝ իրենք կրթությանը ձեռք չտան, առաջարկություններ չանեն: Խցանումների վերացման համար արգելել երեխաներին այս դպրոցը չգնալ, այլ մյուսը գնալ, ուղղակի չի կարելի: Ծնողներն իրենց երեխաների մասին ավելի շատ են մտածում, քան քաղաքի կարգ ու կանոնի մասին, և խցանումների հիմնական պատճառն էլ, կարծում եմ՝ այդքան շինթույլտվություններ տալն է քաղաքի կենտրոնական մասերում, ոչ թե երեխաների դպրոց գնալ-գալը:
Պետությունը պետք է հստակ մշակված և սինխրոն քաղաքականություն վարի կրթության ոլորտում, և կրթության իրավունքը դնի առաջին տեղում: Ծնողները երեխաներին մի թաղամասից մյուսն են տանում, որովհետև ուզում են լավ կրթություն տալ նրանց: Եթե մենք ապահովենք հասանելի կրթություն բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց բնակության վայրից, այդ հարցը չի առաջանա: Ինչ անեն Մեղրիում կամ Նոյեմբերյանում ապրող երեխաները, մոռանա՞նք նրանց մասին, կարևորը քաղաքի երթևեկության կարգավորո՞ւմն է: Պետք է կրթությունը հասանելի լինի, արդար և հավասար բոլորի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: