«Այդ տուգանքների գումարները բարձրացնում եք, որ մեր ժողովրդին ավելի շատ թալանե՞ք, փող է պետք երկրին»․ Էդգար Ղազարյանը՝ փոխոստիկանապետին

«Վարչապետը տեղյա՞կ է այս օրենքի նախագծից։ Ես ենթադրում եմ, որ տեղյակ է, չէ՞, որովհետև կառավարության նիստով է հավանության արժանացել նախագիծը, որովհետև ինքը, երբ որ գալիս էր իշխանության, ասում էր, որ քաղաքացին պիտի տուգանքի մատերիալ չդառնա, կիրառված տուգանքները պետք է չեղարկվեն, համաներում պետք է իրականացվի։ Հիմա դուք առաջարկում եք մի նախագիծ, որը քաղաքացին ոչ միայն տուգանվում է, այլ տուգանվում է մի քանի անգամ ավելի բարձր տուգանքի չափերով»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյան

Հանձնաժողովում քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Փաթեթով նախատեսվում է ճանապարհային երթևեկության վերահսկողության մեխանիզմների ընդլայնում․ առաջարկվում է ընդլայնել տեխնիկական միջոցների կիրառման հնարավորությունները ճանապարհային երթևեկության վերահսկողության ընթացքում, վերանայվում են վարորդների սթափության վիճակի ստուգման և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման հետ կապված կարգավորումները։

Ճանապարհային նշանների պահանջների խախտման համար պատասխանատվության խստացում։ Նախատեսվում է սահմանել կամ հստակեցնել տուգանքներն ու տուգանային միավորները մի շարք խախտումների համար, մասնավորապես՝ «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը խախտելը, «Բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է» նշանի պահանջը խախտելը, կանգառն արգելող նշանի պահանջը չկատարելը, տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ հաջորդ շարքում տեղակայելը, կանգառի և կայանման կանոնների խախտումները, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերում կանգառ կամ կայանում կատարելը։

Սահմանվում են տուգանային միավորների համակարգի փոփոխություններ․ առաջարկվում է վերանայել որոշ իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորները, մասնավորապես՝ նախագծով նախատեսվում են 0.5, 1 և 2 տուգանային միավորի չափով պատասխանատվության միջոցներ՝ կախված խախտման բնույթից։

Էդգար Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին տուգանքների չափերի մասին էլ հարցրեց․ «Այդ տուգանքների գումարները բարձրացնում եք, որ մեր ժողովրդին ավելի շատ թալանե՞ք, փող է պետք երկրին, ասենք՝ օրինակ՝ վարչապետի կեցավայրի օրը 2 միլիոն դրամի ծախսերը հասցնելու համար, թե՞ կարգավորման իմաստ ունի, որ ոլորտը կարգավորվի»։

«Նախ՝ այդ տուգանքները և տուգանային միավորները բարձրացնելը մեր համար ունեն կանխարգելիչ նշանակություն։ Այսինքն՝ մենք այն տրամաբանությամբ ենք մոտենում հարցին, որպեսզի քաղաքացին ոչ թե շատ վճարի, միջին չափի վճարի կամ քիչ վճարի, ընդհանրապես չանի այդ խախտումները։ Եվ հետևաբար հենց դրանից էլ բխում է, որ տուգանքի չափը բարձրացնելուն զուգահեռ բարձրանում է նաև բալը։ Այսինքն՝ քաղաքացին ինչ-որ մի բալից սկսած էլ հնարավորություն չունենա այդ խախտումն անել և դուրս գա երթևեկությունից, որովհետև տարբեր սոցիալական կարգավիճակներ ունեցող քաղաքացիներ տարբեր ձև են նախընտրում վճարել իրենց տուգանքները, և մեր մոտեցումը, կարծում եմ, որ այս իմաստով հավասարակշռված է, ադեկվատ է, և այս բարձրացված տուգանքները շատ համաչափ են կատարած արարքներին։ Մասնավորապես, ձեզ մի օրինակ բերեմ՝ Երևանի կենտրոնում այսօր մեքենա կայանելու համար միջինից, օրվա կտրվածքով, վճարը 2000-ից 3000 դրամ է, իսկ երկրորդ կամ երրորդ շարքում կանգնելը, կանգառում կանգնելը արտոնությունների պայմանում 2800 դրամ։ Հետևաբար ստացվում է, որ մենք մեր քաղաքացիների այդ վարքագիծը ողջունում ենք, ասում ենք՝ գնա, խի՞ ես գնում կանգնում կանգառում, գնա երկրորդ, երրորդ գծում կանգնի, տուգանքը վճարի՝ 0.25 միավորի պարագայում էլ մի 52 անգամ հնարավոր է այդ խախտումը կատարել, գնա արա։ Այսինքն՝ անընդհատ արա և «տուգանքի մատերիալ»։ Դրա համար այս շտկումները կատարվում են, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- մանրամասնեց Արմեն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցի համատեքստում քննարկվեց Երեւանում խցանումների թեման։ Թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները ակնկալում են հարցի ամբողջական լուծում։

Սասուն Միքայելյան

Տուգանքների թեմայից նույնիսկ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը վրդովվեց․ «Տուգանք, տուգանք․․․ հարցի լուծո՞ւմ է տուգանքը»։ Նա դժգոհեց նաեւ վթարների դեպքում առաջացող խցանումներից․ «Ժամերով կանգնում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութը ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment