«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները» կարգախոսով Երևանում կայացել է մասնագիտական հանդիպում՝ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) ղեկավար կազմի ներկայացուցիչների և հայ բժիշկ-էնդոկրինոլոգների մասնակցությամբ՝ առիթը դիաբեդի միջազգային օրվա խորհուրդն է։
Հանդիպման շրջանակում Դիաբետի միջազգային ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Փիթեր Շվարցը միջազգային ուղերձով կարևորել է դիաբետի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հիվանդության բարդությունների կանխման ուղղությամբ ժամանակին ու համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։
Մասնագիտական հանդիպման ընթացքում քննարկվել են դիաբետի ոլորտում միջազգային վերջին զարգացումները, գիտական ձեռքբերումները, բուժման ժամանակակից մոտեցումներն ու առողջապահական համակարգերի առջև ծառացած մարտահրավերները։
Փիթեր Շվարցի խոսքով՝ դիաբետի դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի վաղ միջամտությունը։ Հիվանդության ժամանակին հայտնաբերումը, բուժման շարունակականությունն ու պացիենտակենտրոն մոտեցումը կարևոր նախապայմաններ են հնարավոր բարդությունները կանխելու, հիվանդների կյանքի որակը բարելավելու և կյանքեր փրկելու համար։
«Սա կարևոր նախաձեռնություն է, որն ուղղված է շաքարային դիաբետով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը և նրանց լիարժեք ներառմանը։ Եվ վերջապես, քանի որ մենք մեծապես կարևորում ենք շաքարային դիաբետի բուժօգնության որակի բարելավումը, ցանկանում ենք առանձնացնել նաև Ֆեդերացիայի երիտասարդ առաջնորդների ծրագիրը։ Մենք հրավիրում ենք Հայաստանի երիտասարդ առաջնորդներին միանալու այս նախաձեռնությանը և մասնակցելու ծրագրին։ Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիան բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ոլորտի զարգացման և բուժօգնության բարելավման համար։ Հետևաբար, միացե՛ք մասնագիտական քննարկումներին, մասնակցե՛ք մեր հանդիպումներին և միջոցառումներին։ Եկե՛ք միասին ձևավորենք մասնագետների համաշխարհային համայնք, որի անդամները նվիրված են շաքարային դիաբետի բուժօգնության որակի շարունակական բարելավմանը։»,-նշել է Դիաբեդի համաշխարհային ֆեեդերացիայի նախագահ Փիթեր Շվարցը։
Դիաբետի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ժակլինը ներկայացրել է հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումներն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ առողջ ապրելակերպը, ռիսկի գործոնների վերահսկումը, կանոնավոր հետազոտություններն ու ժամանակին միջամտությունը կարող են նպաստել 2-րդ տիպի դիաբետի զարգացման կանխմանը կամ հետաձգմանը։
«Իրազեկման միջոցով մենք ցանկանում ենք, որ մարդիկ ճանաչեն հիվանդության ախտանշանները, հասկանան, թե ինչ է նշանակում ապրել շաքարային դիաբետով, կարողանան ժամանակին նկատել հիվանդության նշանները և ավելի արդյունավետ կառավարել իրենց առողջությունը, եթե արդեն ունեն շաքարային դիաբետ։ Ամենակարևորն այն է, որ վաղ հայտնաբերումը կարող է հետաձգել կամ նույնիսկ ամբողջությամբ կանխել հիվանդության բարդությունների զարգացումը»,-նշել է Դիաբեդի համաշխարհային ֆեեդերացիայի փոխնախագահ Ժակի Քասուֆ Մաալուֆը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև միջազգային փորձի փոխանակումը, բուժաշխատողների մասնագիտական կրթության զարգացումն ու վաղ ախտորոշման հնարավորությունների ընդլայնումը։ Այս ուղղությունները կարող են էական դեր ունենալ նաև Հայաստանի առողջապահական համակարգում դիաբետի կանխարգելման և բուժօգնության որակի բարձրացման գործում։
«Շաքարային դիաբետի ոլորտում իմ երկարամյա աշխատանքի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նվիրյալ մարդկանց, ովքեր անում են հնարավոր ամեն ինչ՝ շաքարային դիաբետով ապրող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Սակայն երկու օր առաջ պրոֆեսոր Շվարցից լսեցի մի խոսք, որը խորապես տպավորեց ինձ։ Նա ասաց. «Իմ սիրտը բաբախում է շաքարային դիաբետով ապրող մարդկանց համար։ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր ախտորոշման հետևում մարդ է, ընտանիք և պատմություն։ Այն նաև հիշեցնում է, թե որքան մեծ արդյունքների կարող ենք հասնել, երբ բուժաշխատողները, հետազոտողները, շահերի պաշտպանները և շաքարային դիաբետով ապրող մարդիկ միավորվում են՝ գիտելիքներ փոխանակելու և ընդհանուր նպատակի ուղղությամբ աշխատելու համար»,-հայտնել է «Հաղթենք Դիաբետը Միասին» հիմնադրամի պատվավոր նախագահ Սիլվա Բարսեղյանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Դիաբետի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, հիվանդության կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև դիաբետով ապրող մարդկանց տրամադրվող բուժօգնության որակի բարելավմանը։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր հայ բժիշկ-էնդոկրինոլոգների անմիջական շփումը ֆեդերացիայի ղեկավարների հետ։ Հարցուպատասխանի ձևաչափով մասնագետները հնարավորություն են ունեցել ներկայացնելու ոլորտում առկա խնդիրները, բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու ստանալու միջազգային փորձի վրա հիմնված պատասխաններ։
Միջազգային գնահատականների համաձայն՝ աշխարհում ներկայումս շուրջ 590 միլիոն մարդ ապրում է դիաբետով։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը այդ թիվը կարող է հասնել 853 միլիոնի։ Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ընդգծում են հիվանդության տարածման կանխարգելման, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման ռազմավարությունների կարևորությունը։
Միջոցառումն ամփոփվել է խորհրդանշական նախաձեռնությամբ․ երկնագույն փուչիկների արձակմամբ մասնակիցները միացել են դիաբետի դեմ պայքարի համաշխարհային ուղերձին՝ ի նշան դիաբետով ապրող մարդկանց աջակցության, նրանց կյանքի որակի բարելավման, առողջության պահպանման և հիվանդության կանխարգելման։
«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները» ուղերձը հիշեցնում է, որ դիաբետի դեմ պայքարը սկսվում է իրազեկումից, շարունակվում՝ կանխարգելմամբ ու վաղ ախտորոշմամբ, և պահանջում է առողջապահական համակարգի, մասնագետների ու հասարակության համատեղ ջանքերը։
Դիաբետի միջազգային ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: