Նոյեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ տեղի է ունեցել միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։ Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Պապոյանն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումն ու կանաչ տնտեսությունը՝ կարևորելով նաև գերմանական GIZ կազմակերպության և KfW զարգացման բանկի հետ համագործակցությունը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 16-ին նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ նման խորհրդակցությունները լավ հարթակ են՝ ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունը և նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում վերածվել են ամուր և բազմոլորտ գործընկերության՝ ընդգրկելով տնտեսական զարգացումը, ներդրումները, մասնավոր հատվածի աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կրթությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները», – նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր խոսքում կարևորել է նաև GIZ-ի և KfW զարգացման բանկի հետ ձևավորված ամուր համագործակցությունը։
Երկկողմ համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների շարքում նախարարն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումը և կանաչ տնտեսության զարգացումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գասպարյանը, խորհրդակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով։