«Արարատցեմենտի» 15 նախկին աշխատակիցներին կառավարությունում ոչ ոք չընդունեց, միայն հեռախոսով պատասխան խոստացան

Պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքից ազատված 15 աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հանդիպում կառավարության համապատասխան պաշտոնյայի հետ՝ պարզելու իրենց աշխատանքից ազատման պատճառները։

Նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը լրագրողներին պատմեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին՝ հաստիքի կրճատման հիմքով, և նրանց երկու ամիս ժամանակ են տվել աշխատանքից հեռանալու համար։

«Մեզ համար ուղղակի անհասկանալի են այդ կրճատման հիմքերը, քանի որ մեզ կրճատելուց հետո նույն հաստիքները նույն քանակով կրկին համալրվել են։ Ծանուցման մեջ նշել էին հաստիքի կրճատում, այնինչ հաստիքները նորից լրացվել են։ Հաստիքը որ կրճատում են, նորից չեն լրացնում, չէ՞»,- ասաց նա։

Գործարանի անվտանգության հարցերով տնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանն էլ պատմեց. «Առաջնահերթ թիրախավորեցին անվտանգությանը, դե մյուս բաժիններում էլ, հակառակ բան ասեն, կարող են թիրախավորվել։ Մասիսի մթերման կայանից էլ են մարդկանց հանել աշխատանքից, ինձ թվում է՝ շարունակական կլինի։ Ամբողջ աշխատակազմից երեք հոգու են թողել, մնացածին հանել։ Չգիտեմ՝ այդ երեքն ինչպես են մնացել՝ զանգով, ծանոթով երևի։ Դե ասում են՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ 44-օրյա պատերազմի մասնակիցներ էլ կան մեր մեջ, ուշադրություն չեն դարձրել»։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ աշխատակիցները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն են, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն կամ մասնակցել են ընդդիմադիր ցույցերի, ազատված աշխատակիցներից Թաթուլ Բաղրամյանը պատասխանեց, որ իրենք անկուսակցական են, քաղաքական հայացքներ չունեն և ցույցերի չեն մասնակցել՝ բացառությամբ գործարանը բացելու պահանջով կազմակերպված ցույցի։

«Մասնակցեցինք, ասացինք՝ բացեք, աշխատենք, բացեցին,  բոլորը աշխատում են, բացի մեզանից։ Պետք է հասկանանք՝ խնդիրը որտեղ է»,- նշեց նա։

Նոյեմբերի 11-ին նույն աշխատակիցները դիմումով դիմել են կառավարություն՝ պատասխան ստանալու ակնկալիքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել։ Այսօր իրենց հարցով զբաղվող որևէ պաշտոնյայի հետ հանդիպելու ակնկալիքով կառավարություն եկած գործազուրկ աշխատակիցները հեռացել են՝ այդպես էլ ոչ մեկի հետ չհանդիպելով։

Աշխատակիցներին միայն հեռախոսով աշխատակազմից փոխանցել են, որ մինչև վաղը՝ կեսօր, պատասխան կստանան։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները մտել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրել։ Ընկերությունների դռները կապարակնքվել են, և դրանց աշխատանքը դադարեցվել է։

Ծառուկյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել երկու ամսով։ Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Եվս մեկ քրեական գործ է հարուցվել վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ։

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment