Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին օգնականի մեքենայի պայթեցման գործով կասկածյալ է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ) և ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել են Մոսկվայում մի երիտասարդ կնոջ ձերբակալության մասին։ Վերջինս, գործելով խաբեբաների ազդեցության տակ, պայթուցիկ սարք է տեղադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին օգնական Սերգեյ Զավորոտնիին պատկանող մեքենայի վրա։

«Պարզվել է, որ 2026 թվականի հուլիսից սկսած՝ ձերբակալվածը ենթարկվել է հոգեբանական մանիպուլյացիայի խաբեբայական կենտրոնից (քոլ-կենտրոնից) մի անձի կողմից, ով ներկայացել է որպես Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատակից։ Նա խոշոր գումար է փոխանցել այսպես կոչված «անվտանգ հաշիվներին»։ Այնուհետև նրան ստիպել են կատարել առանձնապես ծանր հանցագործություն», – հայտնել են ԴԱԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի՝ ձերբակալվածը Մոսկվայի բնակիչ է, ծնված 2005 թվականին։

«Կասկածյալը պայթուցիկ սարք է տեղադրել հասարակական գործիչ Սերգեյ Զավորոտնիին պատկանող տրանսպորտային միջոցի թափքի տակ», – ասել է Պետրենկոն։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հավելել է, որ ներկայումս ձերբակալվածի հետ տարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, իսկ իրավապահները պարզում են հանցագործության բոլոր հանգամանքները և փնտրում հնարավոր այլ հանցակիցների։

Անցած ուրբաթ օրը Զավորոտնին վնասվածքներ է ստացել, երբ Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում նրա մեքենայի վրա պայթուցիկ սարք է գործի դրվել։

Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղ նա այժմ բուժում է ստանում։

Քննչական կոմիտեի մոսկովյան վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «ժ» կետերի հետ համակցությամբ (սպանության փորձ)։

Leave a comment