«Հեռարձակողները պետք է հաշվի առնեն հաղորդման ձևաչափով պայմանավորված հուզական ճնշումները, մասնակիցների հարաբերությունները և հնարավոր ռիսկերը». Ofcom-ը խստացրել է ուղեցույցը

Ofcom-ը թարմացրել և ուժեղացրել է ռեալիթի հաղորդումների մասնակիցների բարեկեցության պաշտպանության վերաբերյալ իր ուղեցույցը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուզական և ֆիզիկական մտերմություն ենթադրող հաղորդումների ձևաչափերին։ Նոր ուղեցույցը վերաբերում է հեռարձակման կանոնակարգի 7-րդ բաժնին, որը կարգավորում է արդարության և մասնակիցների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցերը։ Ուղեցույցի փոփոխությունները կատարվել են «Channel 4-ի Married at First Sight UK» հաղորդման շուրջ առաջացած խնդիրների և հեռարձակողի պատվիրած անկախ ուսումնասիրությունների առաջարկությունների հիման վրա։

Ofcom-ը միաժամանակ ընդգծել է, որ ինքը չի հաստատում կամ արգելում հեռուստահաղորդումների ձևաչափերը, սակայն հեռարձակողներից պահանջում է պաշտպանել մասնակիցներին կանխատեսելի ռիսկերից։

Հիմնական փոփոխությունները և պահանջները՝

  • Ռիսկերի գնահատում․ հեռարձակողները պետք է հաշվի առնեն հաղորդման ձևաչափով պայմանավորված հուզական ճնշումները, մասնակիցների միջև հարաբերությունները և հնարավոր ռիսկերը։
  • Նախնական ստուգումներ․ առաջարկվում է նախապես ուսումնասիրել մասնակիցների առանձնահատկությունները և նրանց հստակ տեղեկացնել հաղորդման ընթացքում սպասվող վարքագծի ու պայմանների մասին։
  • Անկախ մասնագիտական աջակցություն․ բարձր ռիսկային հաղորդումների դեպքում նախատեսվում է ներգրավել խմբագրական թիմից անկախ մասնագետների և մասնակիցների բարեկեցության հարցերով զբաղվող աշխատակիցների։
  • Հոգեբանական աջակցություն․ նկարահանումների ընթացքում մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի կապ հաստատել ընտանիքի և ընկերների հետ։
  • Տեղեկացված համաձայնություն․ մասնակիցների համաձայնությունը պետք է շարունակաբար վերանայվի, հատկապես այն դեպքերում, երբ փոխվում են իրավիճակը, հուզական լարվածությունը կամ ֆիզիկական մտերմության պայմանները։

Բողոքարկման մեխանիզմներ․ հեռարձակողներն ու արտադրող ընկերությունները պետք է ունենան միջադեպերի արձանագրման և դրանց վերաբերյալ բողոքների քննության հստակ ընթացակարգեր։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment