Մակրոնն ի վիճակի չէ ընդունել․ Ֆրանսիայի նախագահի կենսագիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի վիճակի չէ ընդունել, երբ սխալվում է. այս հատկանիշը վերագրվում է նրա տատիկի և կնոջ՝ Բրիջիտի ազդեցությանը․ այս մասին հաղորդել է «The Telegraph»-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի հեղինակ Կատրին Նայի՝ քաղաքական գործչին նվիրված նոր կենսագրական գրքին։

Նայի հետ զրույցներում Մակրոնը խոստովանել է, որ ինքը «դեռ երեխա է»։ Կենսագիրը, ինչպես նաև ֆրանսիացի առաջնորդի մի շարք գործընկերներ և նախկին ընկերներ, նշել են, որ նա ի վիճակի չէ ընդունել սեփական սխալները։

Նայը ենթադրել է, որ բնավորության այս գիծը ձևավորվել է երկու կանանց՝ նրա տատիկի՝ Մանետի և կնոջ՝ Բրիժիտի ազդեցության ներքո։

Մանետը, ով դպրոցի տնօրեն է եղել, ձգտել է իր թոռանից «գլուխգործոց» կերտել՝ նրան ընկղմելով գրքերի և ուսումնառության աշխարհում։ Երբ Մակրոնը 14 տարեկան է եղել, սկսել է հանդիպել իր հասակակից մի աղջկա. տատիկը դեմ է արտահայտվել դրան ու նրան հետ է ուղարկել ծնողների մոտ։

Ըստ Նայի՝ Մակրոնը վերադարձել է տատիկի մոտ՝ խոստանալով այլևս երբեք չնայել աղջիկների կողմը։ «Էմանուելը երբեք չի հաշտվել տատիկի մահվան հետ։ Նա երբեք ոչ ոքով չի փոխարինել նրան [իր կյանքում]։ Նա պետք է հոգեվերլուծության ենթարկվի»,- մեջբերվել են Բրիժիտի խոսքերը։

Տատիկը նաև Մակրոնի առաջին քաղաքական խորհրդատուն է եղել. նա ստիպել է թոռանը բարձրաձայն կարդալ ֆրանսիական դասական գրականություն, ինչն ապագա նախագահին օգնել է զարգացնել հռետորական հմտությունները։ Նայի կարծիքով՝ դա նրա մոտ չափազանց մեծ ինքնավստահություն է ձևավորել։ «Ինքնավերլուծությունը նրա մտավոր աշխարհի մաս չի կազմում։ Նույնիսկ եթե նա ներողություն է խնդրում, միևնույն է, կվերադառնա՝ բացատրելու, թե ինչու էր իրականում ինքը ճիշտ»,- գրել է կենսագիրը։

Նայը նաև կապում է այս չափազանցված ինքնավստահությունը Մակրոնի՝ 2024 թվականի ամռանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման հետ. քայլ, որը նախագահի կենտրոնամետ-աջ դաշնակիցներին դրել է խոցելի դրության մեջ՝ հաջորդ նախագահական ընտրություններից ընդամենը երեք տարի առաջ։

Leave a comment