Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը

Քաղաքականություն

16.11.2026 | 17:29

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Կողմերը քննարկել են հայ-հունական հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը՝ հաշվի առնելով 2027 թվականի երկրորդ կեսին ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Բրյուսելում մեկնարկել են  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները:

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով դրանք նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձր մակարդակի այցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգային հարցերի:

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով 2027թ. երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքերն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը»:

Leave a comment