ՌԴ-ի փոխարեն հիմա Բաքուն է, ԵՄ-ն, Թուրքիան, ու սա կոչվում է ինքնիշխանություն

Նոյեմբերի 14-ին գտնվելով Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում և մասնակցելով Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում ընթացող միջոցառմանը՝ Հայաստանի վարչապետը հնարավորություն ունեցավ պատասխանելու լրագրողների հարցերին և հերթական անգամ միջազգային հանրության համար հնչեցրեց իր հանրահայտ ու արդեն ձանձրալի թեզն այն մասին, թե ԼՂ կոնֆլիկտի հիմնական նպատակն էր թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ինքնիշխան պետություն, ու հակամարտությունը պահվում էր որպես լծակ՝ Հայաստանը վերահսկելու և արտաքին կառավարման համար։

 

Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը և հարցադրմանը, թե անհիշելի ժամանակներից հայեր են ապրել Արցախում, և հիմա այն հայաթափված է, ինչպե՞ս է հարյուրամյակներ հայկական բնակավայր եղած Արցախից հետո հայ հասարակությունը հոգեբանորեն հաղթահարում Արցախի հայաթափումը, Փաշինյանը հայտարարեց, թե իբր Հայաստանի անկախությունն ի սկզբանե ձևավորվել է «որպես գործիք՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայերի պատկերացումներին համապատասխան, բայց շատ ծանր իրադարձություններից հետո մենք առերեսվեցինք մի իրականության, որ ԼՂ հակամարտությունը ստեղծվել էր՝ խոչընդոտելու Հայաստանի Հանրապետությանն իրապես ինքնիշխան պետություն լինելուն»։

 

«Եթե տեսնեք, թե լրատվամիջոցներում ինչ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե ինչպես են 1987-1988 թվականներին կոմունիստական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում Երևան և Բաքու՝ խրախուսելով երկու կողմին կոշտ լինել հակամարտության հարցում։ Պոլիտբյուրոյի մի անդամ հավաստիացնում էր հայերին, որ եթե վճռական լինեն, խնդիրը կլուծվի հօգուտ հայերի, պոլիտբյուրոյի մեկ այլ անդամ այցելում էր Բաքու՝ հավաստիացնելով նրանց, որ եթե իրենք իրենց դիրքորոշման մեջ վճռական լինեն, հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի օգտին»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակին ինքն էլ մոլորության մեջ է եղել և անգամ իր քաղաքական գործունեությունը սկսել է որպես ԼՂ շարժման ակտիվիստ։

 

«Դպրոցական էի այն ժամանակ և կազմակերպում էի հավաքներ, ցույցեր, դասադուլներ դպրոցում, բայց լինելով ՀՀ վարչապետ և տեղեկացված լինելով ողջ գործընթացից, պատերազմից հետո էլ հաշվի առնելով, թե որոշ միջազգային գործընկերներ ինչպես պահեցին իրենց, ինչ խոսույթով հանդես եկան, առերեսվեցի մի իրողության, որ ամբողջ միջազգային դիվանագիտությունը կեղծ է՝ ֆեյք, և դրա նպատակն է թույլ չտալ, որ Հայաստանն իրապես լինի անկախ պետություն։ Հատկապես 2022 թվականին ակնհայտ էր, որ այս նույն քաղաքականությունները եթե շարունակվեն, մենք մեր անկախությունը կկորցնենք, և այդ պատճառով հոկտեմբերի 6-ին Պրագայում նախագահ Մակրոնը և Շառլ Միշելը կազմակերպեցին քառակողմ հանդիպում, և նախագահ Ալիևի ու իմ միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվեցինք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Մենք կարողացանք խորամուխ լինելով հասնել գործընթացի բուն էությանը և հասկանալ, որ մենք պետք է մեր պետականությանը հավատարիմ լինենք և մեր քաղաքականությունն ու պատկերացումները փոխենք, այլապես կկորցնենք մեր անկախությունը»։

 

Փաշինյանի թեզերը ընդդիմադիր դաշտում թե՛ վերլուծական, թե՛ քաղաքական շրջանակներից որակվում են որպես Արցախյան շարժման պատմական նշանակության ուրացում և սեփական քաղաքական ձախողումների պատասխանատվությունը պատմական հանգամանքների վրա բարդելու անհաջող փորձ։ Նախ՝ Փաշինյանը կեղծում է, թե Հայաստանի անկախությունն ի սկզբանե ձևավորվել է «որպես գործիք՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», ինչն իր հերթին իբր ստեղծվել էր՝ խոչընդոտելու Հայաստանի Հանրապետությանն իրապես ինքնիշխան պետություն լինելուն։ Փաշինյանն ինքը բազմիցս և Դուբլինում էլ շեշտել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու և այդպիսով ԽՍՀՄ գերիշխանությունը թոթափելու փաստաթուղթ էր։ Այդպիսով Փաշինյանը հակասում է ինքն իրեն, քանի որ Հայաստանի Հանրապետության ձևավորումն ընդդեմ որևէ գերիշխանության էր, այլ ոչ թե կառավարման լծակի ձևավորման ուղի։ Շարժումն ի սկզբանե ուներ ժողովրդավարական և ազատագրական բնույթ՝ ուղղված խորհրդային կենտրոնացված համակարգի դեմ, ուստի այն չի կարող դիտարկվել որպես արտաքին ուժերի կողմից Հայաստանի անկախության դեմ հյուսված դավադրություն։

 

Իսկ Արցախյան շարժումը, որը փաստացի Հայաստանի անկախության գլխավոր շարժիչ ուժը եղավ, միջազգային հարթակներում ավելի բարձրացրեց Հայաստանի սուբյեկտայնությունը՝ կարևորելով աշխարհաքաղաքական զարգացումներում մեր պետության դերը։ Այդ մասին նշել է նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ հայտարարելով, որ Արցախի գործոնը տասնամյակներ շարունակ բարձրացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը, այլ ոչ թե նսեմացրել է այն և Հայաստանին զրկել անկախությունից ու ինքնիշխանությունից։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է ոչ թե ԼՂ հակամարտության պատճառով, ինչպես Փաշինյանն է պնդում, այլ 2020 թվականի պատերազմի պարտության և դրան հաջորդած միակողմանի զիջումների հետևանքով։

 

Բացի դա, Արցախը ծառայել է որպես անվտանգային վահան Հայաստանի Հանրապետության համար, և հիմա, երբ Արցախը Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի տարածք, Հայաստանի ինքնիշխանությունն ավելի խոցելի է դարձել։ Միջազգային իրավունքի մասնագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ այս թեզը փաստացի չեղարկում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղված տասնամյակների պայքարը։ Նրանց պնդմամբ՝ հակամարտությունը ծագել է ԼՂ բնակչության կողմից սեփական անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունից, ոչ թե Երևանի ինքնիշխանությունը սահմանափակելու նպատակով։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված էր, ապա ինչո՞ւ էր այն որպես բանակցային կողմ հանդես գալիս ԼՂ հակամարտության բանակցային սեղանի շուրջ։ Հայաստանի իշխանությունների հետ հավասարապես նաև Ադրբեջանի իշխանություններն էին ներգրավված այդ գործընթացում, բայց մենք այսքան ժամանակ այդպես էլ չլսեցինք Բաքվի բռնապետից, որ նա բողոքի իր պետության ինքնիշխանության սպառնալիքներից, թե իբր ԼՂ հակամարտությունն օգտագործվել է Ադրբեջանի անկախությունը սահմանափակելու և այդ պետության վրա լծակներ ունենալու համար։

 

Փաշինյանը ևս մեկ թեզ ունի, թե անկախությունը մեկ հոգուց կախվածությունից բազմաթիվ կողմերից կախվածությունն է։ Արդյո՞ք իր այդ հայտարարությամբ նա չի փորձում մեր աչքում արդարացնել նաև Ադրբեջանից անգամ տարածքային առումով խիստ կախվածության խորացումը, ինչի ուղղությամբ նա վարում է իր քաղաքականությունը։ Փաստացի, եթե Փաշինյանի համոզմամբ՝ մինչև վերջերս Հայաստանը կախված է եղել Ռուսաստանից, և մեր պետության համար որոշումները հիմնականում այնտեղ են կայացվել, ստացվում է, որ հիմա էլ այդ կախվածությունը դիվերսիֆիկացվել ու փոխարինվել է Ադրբեջանից կախվածությամբ, ինչի ապացույցներից է սահմանադրական փոփոխությունների գործընթացը, անկախության հռչակագրի թիրախավորումը։ Իշխանություններն արդեն սկսել են խոստովանել, որ դա ոչ թե մեր ներքին պահանջով է արվում, այլ ալիևյան «նախապայմանով»։ Չստացվե՞ց, որ Մոսկվայի փոխարեն հիմա Բաքվում են որոշելու Հայաստանի ճակատագիրը։ Տնտեսական առումով էլ ԵՄ-ն է որոշելու, թե Հայաստանն իր ապրանքներն ինչ շուկաներ պիտի արտահանի և ինչ քանակությամբ։

 

Ճիշտ է, դա ուղիղ ցուցումով չի արվում, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ ԵՄ-ն նպաստեց այդ սցենարի իրագործմանը՝ Հայաստանի համար ԵՄ-ին անդամագրվելու կեղծ օրակարգ դաշտ նետելով և լավ հասկանալով, որ դա երբևէ չի կարող իրականություն դառնալ։ Հիմա էլ ԵՄ-ն, և ոչ միայն, փորձում է միջամտել Հայաստանի էներգետիկ համակարգում ճակատագրական փոփոխություններ կատարելու հարցում, ինչը մեզ համար ամենևին բարենպաստ պայմաններ չի ստեղծելու։ Չմոռանանք նաև Թուրքիայի գործոնը, որը նորից նախապայմանների լեզվով է խոսում մեզ հետ, թե չի բացի սահմանը, եթե Հայաստանը չբավարարի Բաքվի պահանջները, եթե Ցեղասպանության հարցը չդադարի քաղաքական հաղթաթուղթ օգտագործվել։ Դա՞ է Փաշինյանն անվանում ինքնիշխան ու ինքնուրույն որոշում, որը թելադրված է միմիայն հայաստանյան ներքին պահանջներով։

 

Հայաստանյան ներքին պահանջը բարեկեցիկ հասարակություն ունենալն է, կայուն տնտեսություն ունենալն է, ֆերմերների համար նպաստավոր պայմանների ապահովումն է, արցախցիների՝ իրենց բնակավայր վերադառնալու իրավունքի իրացումն է, որոնք այօր ոտնահարվում են մեր իշխանությունների վրա գործադրված արտաքին ճնշումների հետևանքով։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment