Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու գործարանի անվտանգության 15 աշխատակիցներ բողոքում են աշխատանքից ազատումների դեմ՝ պնդելով, որ հաստիքների կրճատման պատճառաբանությամբ իրենց ազատել են աշխատանքից, սակայն նույն աշխատանքը կատարելու համար ներգրավել են այլ ընկերության աշխատակիցների։ Նախկին աշխատակիցների խոսքով՝ նոր ղեկավարությունը խոստացել էր բարելավել աշխատանքային պայմանները, սակայն արդյունքում իրենք մնացել են գործազուրկ։

Գործարանի անվտանգության հարցերով նախկին փոխտնօրեն Երվանդ Պողոսյանն ասաց, որ նոր կառավարիչների նշանակվելուց հետո աշխատակիցներին խոստացել են աշխատանքային ավելի լավ պայմաններ, սակայն իրականում տեղի է ունեցել հակառակը։

«Երբ որ նոր կառավարիչները եկան, մեզ ոսկե սարեր էին խոստանում, թե՝ «ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի»․ այնինչ եղավ ճիշտ հակառակը։ Ինձ հետ առաջին հանդիպումն այն էր, որ՝ «դիմում գրիր, գործից ազատվիր»։ Ասում եմ՝ «ինչո՞ւ համար, էլի, ես 16 տարի արդեն այստեղ աշխատում եմ»»,- պատմեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ղեկավարությունն աշխատանքից ազատումները պատճառաբանել է աշխատավարձի ֆոնդի կրճատմամբ և գործարանում իրականացվող բարեփոխումներով։

Պողոսյանը նշեց, որ իրենց փոխարեն աշխատանքի են ներգրավվել «Էլեկ Լինք Մարշալ» ընկերության աշխատակիցները, որոնք, ըստ իրեն փոխանցված պարզաբանման, համաձայնել են աշխատել ավելի ցածր վարձատրությամբ։

«Ասում ենք՝ «մե՞ր հաշվին ենք անում այդ բարեփոխումները», ասում են՝ «դե հա, այդպես է, մենք ենք եկել, մենք ենք որոշում»։ … Մեր տեղը բերում են ինչ-որ «Էլեկ Լինք Մարշալ» ընկերության աշխատողների… Ասում ենք՝ «ինչո՞ւ եք իրենց բերել», ասում է՝ «դե իրենք էժան աշխատուժ են էլի, 150 000-ով կգան, կաշխատեն, ձերը մի քիչ շատ է»»,- ասաց նա։

Պողոսյանն անդրադարձավ նաև նախկին սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի օրոք աշխատանքային պայմաններին՝ նշելով, որ այդ ժամանակ նման խնդիրների չեն բախվել։

Նա ընդգծեց, որ աշխատանքից ազատվածների թվում կան հիփոթեքային վարկեր ունեցողներ, հիվանդ ծնողների խնամքով զբաղվողներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ։

«Մարդիկ… նոյեմբերի կեսն է, ձմեռ է դեմը, բոլորը անգործ են մնացել»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախկին անվտանգության աշխատակազմից աշխատանքը շարունակել են ընդամենը երեք հոգի։ Պողոսյանը կասկած հայտնեց, որ աշխատակիցների ընտրության հարցում կարող էին դեր ունենալ անձնական կապերը։

«Հին գործընկերներից երեքն են մնացել միայն… Դե ասում եմ՝ ծանոթ, բարեկամ սկզբունքը երևի գործում է էլի՝ թաղի տղա, քուչի տղա… «Տերովին տերն է տալիս, անտերին՝ գելը»»,- ասաց նա։

Գործարանի նախկին աշխատակից Թաթուլ Բաղրամյանն էլ նշեց, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարում, անձնական կամ քաղաքական հակասություններ չունեն և պարզապես փորձում են պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները։

Նա ընդգծեց, որ աշխատակիցների համար անհասկանալի է հաստիքների կրճատման հիմնավորումը, քանի որ, իրենց պնդմամբ, գործարանի անվտանգության աշխատողների ընդհանուր թիվը չի նվազել։

«Մենք փորձում ենք մեր իրավունքները պաշտպանել, ակնկալում ենք Կառավարության ադեկվատ, ճիշտ որոշումը, քանի որ 15 հոգի միևնույն ծանուցումով մնացել են առանց գործ։ …Ծանուցման մեջ նշված չէ հիմնավորումը ձեզ ազատելու․ հաստիքը որ կրճատում են, էլ չեն լրացնում, չէ՞»,- ասաց Բաղրամյանը։

Նախկին աշխատակիցները հայտնեցին, որ նոյեմբերի 11-ին գրավոր դիմում-բողոք են ներկայացրել Կառավարություն՝ խնդրելով ուսումնասիրել աշխատանքից ազատումների հանգամանքները։

Նրանք ակնկալում են հանդիպում պատասխանատու պաշտոնյաների հետ և իրենց աշխատանքային իրավունքների վերականգնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment