CNBC-ն հայտնել է OpenAI-ի՝ 15 մլրդ դոլարի ներդրումային փուլի մասին

Ամերիկյան OpenAI արհեստական բանականության ոլորտի հսկան ներգրավել է 15 մլրդ դոլար ներդրում՝ ընկերության արժեքը գնահատելով 1.25 տրլն դոլար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է CNBC-ն։

Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ OpenAI-ն այս ներդրումային փուլի շրջանակում նախատեսում է ներգրավել մինչև 30 մլրդ դոլար ֆինանսավորում՝ ընկերության ընդհանուր արժեքը 1.4 տրլն դոլար գնահատելու պայմանով։

Ներդրումային այս փուլը դիտարկվում էր որպես միջանկյալ քայլ՝ նախքան 2027 թվականին սպասվող ընկերության բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկը (IPO)։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ OpenAI-ի հասույթը երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է շուրջ 50%-ով՝ հասնելով 10 մլրդ դոլարի։ Այդուհանդերձ, ընկերությունը շարունակում է զգալի գործառնական վնասներ կրել։

Ընկերության ճշգրտված գործառնական վնասը հասել է 10.9 մլրդ դոլարի՝ նախորդ եռամսյակի 10.1 մլրդ դոլարի համեմատ։ Այս ցուցանիշը չի ներառում աշխատակիցներին բաժնետոմսերի տեսքով փոխհատուցումների տրամադրման ծախսերը, որոնք կազմել են 2.6 մլրդ դոլար։

Ընկերությունը ներդրողներին հայտնել է, որ ChatGPT-ի վճարովի օգտատերերի թիվը հասել է շուրջ 100 միլիոնի, ինչը կազմում է շաբաթական ակտիվ օգտատերերի ընդհանուր թվի 8.5%-ը։

OpenAI-ի նախորդ ներդրումային փուլը տեղի էր ունեցել մարտին։ Ներգրավված միջոցների ծավալը ռեկորդային 122 մլրդ դոլար էր, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գնահատվել էր 852 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment