Երևանում մեքենաների համար հնարավոր սահմանափակումներ․ ո՞ւմ են դրանք վերաբերելու
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում հնարավոր տրանսպորտային սահմանափակումները վերաբերելու են ավտոմեքենաների տեսակին՝ կախված դրանց արտանետումների ծավալից, և կապ չեն ունենալու մարդկանց բնակության վայրի հետ, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երկուշաբթի կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տեղեկություններին, թե քաղաքապետարանը նախատեսում է արգելել մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան։
«Հատկապես ծաղկում և տարածվում է այն ակնհայտ սուտն ու մանիպուլյացիան, որը հրամցվում է մեր հանրությանը, մասնավորապես՝ որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մարզերից մտնող մեքենաներին իբր արգելել մուտք գործել Երևան քաղաք։ Դա բացարձակ սուտ է։ Խոսքը հետևյալի մասին է. մենք խոսել ենք, որ հնարավորություն լինի մեքենաների հոսքը տեղափոխել հանրային տրանսպորտ։ Հնարավորության, ոչ թե պարտադրանքի», – ասել է Գրիգորյանը։
Ավինյանն էլ պարզաբանել է, որ հնարավոր պարտադրանքը չի վերաբերելու մարդկանց բնակության վայրին։
«Պարտադրանքը չի վերաբերելու երևանաբնակներին կամ մարզաբնակներին։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին՝ կախված իր արտանետումների ծավալից և մեր առողջությանը հասցված վնասի ծավալից։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին։ Բացարձակապես մարդու բնակության հասցեն կապ չի ունենալու», – նշել է քաղաքապետը։