Այսքանից հետո ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չլուծված հարցերը շարունակում են կուտակվել։ Մինչև տարեվերջ նախատեսված մոսկովյան հանդիպումները նոր քննարկումների առիթ են դարձել՝ հատկապես ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության, երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական կողմնորոշման համատեքստում։ Քաղաքագետ Արա Պողոսյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հարցը, ըստ էության, փակված է։

«Ես կարծում եմ՝ մենք էլ բավական ժամանակ տարբեր առիթներով նշել ենք, որ ՀԱՊԿ-ը գործնականում Հայաստանի համար այլևս կարծես գոյություն չունեցող, պատմական այդ ժամանակահատվածի համար սպառված թեմա է»,- ասաց Արա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կառույցի նկատմամբ անվստահության հիմնական պատճառը 2020-2023 թվականներին արձանագրված իրադարձություններն են, երբ ՀԱՊԿ-ը, ըստ քաղաքագետի, չկարողացավ կատարել իր հիմնական գործառույթները։

«ՀԱՊԿ-ը անվտանգության և պաշտպանության ապահովման կառույց է, և նրա ֆունկցիոնալ պարտականությունն է իր պատասխանատվության գոտում ապահովել անվտանգություն և պաշտպանություն, ինչը տեղի չունեցավ։ Եվ այստեղ, եթե մեր հասարակության մոտ ձևավորվել է այնպիսի ընկալում, որ այս առումով առնվազն ՀԱՊԿ-ը ձախողել է իր առաքելությունը, ապա դա ունի նաև քաղաքական բաղադրիչ»,- ասաց քաղաքագետը։

Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես պայմանավորված է եղել Ռուսաստանի գործոնով, իսկ այսօր պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ ձևաչափի վերաբերյալ արդեն իսկ հստակեցված է։

«Հայաստանի իշխանությունները տվել են որոշակի գնահատականներ, և գոյություն ունի մոտեցում, որ Հայաստանը չի վերադառնալու ՀԱՊԿ-ին՝ կոնկրետ այն ձևաչափով, որով նախկինում մասնակցել է»,- ասաց քաղաքագետը։

Բայց եթե ՀԱՊԿ-ի հարցը Հայաստանի համար այլևս առաջնային չէ, ապա ի՞նչ է քննարկելու Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, և ինչո՞վ են պայմանավորված առաջիկա հանդիպումները։ Քաղաքագետի խոսքով՝ այցի մի մասը կարող է պայմանավորված լինել արարողակարգային հանգամանքներով, սակայն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ ավելի լայն է։

«Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀԱՊԿ-ի ձևաչափում Ռուսաստանը գրեթե ամեն տարի դեկտեմբերին ընդունել է ՀԱՊԿ գործընկերներին։ Այսինքն՝ այստեղ ունենք արարողակարգային հարցադրումներ։ Բայց ես ենթադրում եմ նաև հարցերի մի ամբողջ շարք, որոնք համադրվելու են քաղաքական որոշակի բանավեճերով»,- նշեց Պողոսյանը։

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ դրանցում առկա տարաձայնությունները բազմաթիվ են, իսկ վերջին Փաշինյան-Պուտին հանդիպումն էլ ցույց տվեց, որ կողմերի միջև տարբեր հարցերի շուրջ ընդհանուր ընկալում դեռևս չկա։

«Հայ-ռուսական հարաբերություններում, կարծում եմ, բազմաթիվ են քննարկվելիք հարցերը, որոնց համար նույնիսկ երկու, երեք, չորս հանդիպումը բավարար չէ։ Եվ դա ցույց տվեց Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը, երբ ակնհայտ էր, որ կողմերը չունեն ընդհանուր ընկալելիություն ամենատարբեր հարցերի շուրջ»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգում կարող են լինել նաև երկաթուղու կոնցեսիայի հարցը և Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment