Արևմտյան մի շարք երկրների նկրտումները խոչընդոտում են միջազգային հարաբերությունների արդար և ժողովրդավարական համակարգի ձևավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Հանուն ազգերի ազատության» շարժման գլխավոր ասամբլեայի կազմակերպիչներին և մասնակիցներին հղած ուղերձում։
«Ժամանակակից աշխարհը լուրջ փոփոխությունների միջով է անցնում։ Ավելի ու ավելի շատ երկրներ հանդես են գալիս միջազգային հարաբերությունների արդար և ժողովրդավարական համակարգի ձևավորման օգտին, որը հիմնված կլինի բազմաբևեռության և իրական իրավահավասարության սկզբունքների վրա։ Այս նպատակին հասնելու լուրջ խոչընդոտներից են արևմտյան մի շարք պետությունների նեոգաղութատիրական նկրտումները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
Պուտինը նշել է, որ նախկին գաղութատիրական տերությունները, որոնք ժամանակին ստիպված են եղել հրաժարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ուղղակի ճնշումից, մինչ օրս փորձում են պահպանել վերահսկողությունը այդ տարածաշրջանների երկրների տնտեսությունների նկատմամբ։
Նրա խոսքով՝ այդ պետությունները շարունակում են միջամտել նշված երկրների ներքին գործերին և ազդեցություն ունենալ նրանց արտաքին քաղաքականության վրա։