«Պետք է խոսեմ մի հարցի մասին, որտեղ պետք է քաղաքական տարաձայնությունները լռեն։ Խոսքը քաղաքացու առողջության մասին է։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է շատ ռեալ, իրագործելի պարզ ու ողջամիտ լուծում՝ հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին, ՀՀ բնակչին եվրոպական առաջատար դեղարտադրող ընկերությունների, ԵՄ պետություններում ճանաչում, գրանցում ստացած դեղերը պարզ, հստակ կարգով ունենալ ՀՀ դեղատներում»,- ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկը ներկայացրեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը։
Նա փաստեց՝ այս հարցը մարդու առողջության մասին է և վեր է քաղաքական տարաձայնություններից․ «Խոսքը այն ծնողի մասին է, որը վերջին կոպեկներն է հաշվում, որ օգնի երեխայի առողջությանը, խոսքը այն թոշակառուի մասին է, որը ստիպված է ընտրություն կատարել առողջության իրավունքն ապահովելու կամ մյուս բնական անհրաժեշտության մաս կազմելու հանգամանքները լուծելու համար»։
Օրենսդրական նախաձեռնության առիթով նշեց․ «Դեղերի մասին օրենքով դեղերի գրանցման մասով նախատեսված է պարզեցված, սովորական և ԵԱՏՄ կարգերին համապատասխան ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է նոր ընթացակարգ, ինչը կոչվում է ճանաչմամբ գրանցում։ Այսինքն՝ բոլոր այն դեղերը, որոնք գրանցված են ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից, ազատորեն շրջանառվում են ԵՄ անդամ պետություններում, դրանք պետք է զուտ փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն ՀՀ ռեեստրում»։
Հարություն Հարությունյանը ցավով նշեց, որ շատ հաճախ ՀՀ շատ քաղաքացիները ստիպված են լինում նույնիսկ զարտուղի ճանապարհով ձեռք բերել եվրոպական առաջատար պետությունների արտադրած դեղերը, որ փորձեն վատագույն դեպքում գոնե երկարացնել անձի կյանքը։ Իսկ այս օրենսդրական փոփոխությամբ՝ մարդիկ հասանելիություն կունենան եվրոպական որակյալ դեղորայքին, ինչը կարող է ազդել նաև դեղերի ինքնարժեքի վրա․ ավելի էժան դեղորայք կունենանք, քան 20 տոկոսն է։
Որպես զուգահեռ՝ նա ընտրեց Վրաստանի օրինակը․ «Վրաստանի բնակչությունը ՀՀ-ից մոտ 844 հազար անձով է ավելի, իսկ եթե համեմատենք գրանցված դեղերի թիվը, ՀՀ-ում 3997 է, այնինչ Վրաստանում 11050 է, ԵՄ երկրներում այդ թիվը հասնում է 20-25 հազարի։ Մենք ունենք հնարավորություն տեսնելու, թե eվրաինտեգրման շրջանակներում եվրոպական դեղերի ազատ մուտք, ՀՀ հասանելի դառնալու մասով ինչպիսի՞ մոտեցում ունի մեր քաղաքական մեծամասնությունը, որը ևս մեկ հստակ ազդակ կլինի հասկանալու այդ օրենքի՝ զուտ տպավորություն թողնելու առումով ընդունված լինելը, թե ռեալ հողի վրա կոնկրետ քայլեր իրականացնելը»։
Հարություն Հարությունյանն ասաց, որ ձեռնպահ մնալու՝ ՔՊ դիրքորոշումներն իրենց համար ընդունելի չեն․ «Եթե ՔՊ-ն ունի որևէ նման փոփոխություն մերից հետո բերելու, մենք հայտարարել ենք, որ մեր ուժը երբեք չի կարող դեմ քվեարկել մի նախագծի, որի շահը ՀՀ շահն է։ Օրենքի փոփոխություն ենք ներկայացրել, որը ՀՀ բնակչին տալու է հնարավորություն եվրոպական արտադրության դեղեր ձեռք բերել մեր դեղատներում, մյուս կողմից ավելանալու են պետական բյուջեի մուտքերը՝ պետական տուրքի հաշվին, ունենալու ենք ավելի լայն մրցակցություն, ինչը բերելու է գնիջեցման։ Եթե այս երեք հարցերի համատեղ պայմաններում այսօրվա իշխանությունն արգելակի այս օրենքի նախագիծը, կստացվի, որ դեղը թողնում եք մնա՝ որպես շքեղություն, որ քաղաքական անհամաձայնության պատճառով վնասում եք ՀՀ քաղաքացու շահին, կստացվի, որ պետությունը ոչ թե նրա համար է ստեղծված, որ խոչընդոտները վերացնի քաղաքացիների համար, այլ ստեղծում է կոնկրետ խնդիրներ։ Հիվանդ մարդուն քաղաքական արդարացումներ պետք չեն, այլ պետք է բուժում»։
ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժի համար իրապես կարևոր է քաղաքացին, դրա համար էլ ներդրել են առողջապահության ապահովագրությունը։ Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» առաջարկին՝ ասաց․ «Գաղափարի, ցանկության հետ կարելի է համաձայնել, հնարավորության դեպքում վերանայել դիրքորոշումները։ Բայց երբ համեմատություն եք անցկացնում Վրաստանի հետ, մի շարք հանգամանքներ հաշվի չեք առնում, օրինակ՝ որ դեղերի շրջանառության համար Վրաստանը տրանզիտ երկիր է, նաև դեղերի վերարտահանում է տեղի ունենում։ Իրավիճակները տարբեր են, թե չէ ցանկությունների իմաստով կուզեինք, որ Վրաստանից էլ ավելի առաջատար և մատչելի հասանելիություն ապահովենք մեր քաղաքացիներին»։
ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: